ԳլխավորՄի կտոր գիրք

Հենրիկ Սենկևիչ. «Առանց դավանանքի» (հատվածներ)

Հենրիկ Սենկևիչ

Ներկայացնում ենք հատվածներ լեհ գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր (1905 թ.) Հենրիկ Սենկևիչի (մայիսի 5, 1846- 15 նոյեմբերի, 1916) «Առանց դավանանքի» ստեղծագործությունից։

***

Գուցեև տղամարդու սիրտն ավելի ընդունակ է վերակենդանանալու:

Մի ավանդություն կա Երիքոնի վարդի թփի մասին, եթե չորացած էլ լինի, հենց որ մի կաթիլ անձրև տեսնի, իսկույն կյանք կստանա ու նոր բողբոջներ կտա:

Ես նկատել եմ, որ տղամարդու բնության մեջ շատ ավելի առաձգականություն կա, քան կնոջ մեջ: Տղամարդը երբեմն այնպիսի գարշելի անառակության մեջ է թաթախվում, որ այդ թույնի կեսը բավական կլիներ ընդմիշտ մահացու բորով համակելու կինարմատին, մինչդեռ Ադամի որդին կարողանում է թոթափել իր վրայից ախտը և հեշտությամբ նորից ձեռք է բերում ոչ միայն կորցրած բարոյական առողջությունն ու թարմությունը, այլև նույնիսկ սրտի կուսությունը: Նույնն է և զգացմունքների նկատմամբ: Ես չորացած սրտով այնքան կանայք եմ տեսել, որոնք բոլորովին կորցրել են որևիցե մարդու կամ որևէ բան սիրելու, նույնիսկ հարգելու ունակությունը: Այդպիսի տղամարդիկ ես չեմ տեսել:

***

Կարծում եմ, որ ես և առհասարակ ամեն մարդ իրավունք ունենք դիմելու փիլիսոփայությանն ու ասել.

«Ես զարմանում եմ քո լրջության վրա, խոնարհվում եմ քո անալիզի ճշմարտության առաջ, բայց, այնուամենայնիվ, դու ինձ անբախտացրիր: Դու այնքան զորություն չունես, ինչպես ինքդ էլ խոստովանում ես, որ պատասխանես ինձ համար առաջնակարգ կարևորություն ունեցող հարցերի, մինչդեռ այնքան զորություն կա մեջդ, որ կարողացել ես խախտել իմ ունեցած հավատը դեպի այն գիտությունը, որը պատասխանում էր այդ հարցերին ոչ միայն վճռողաբար, այլև ամոքիչ ու քաղցր կերպով: Եվ մի ասա, թե՝ քանի դեռ ոչինչ չես պնդում, կնշանակի թույլ ես տալիս ինձ ամեն բանի հավատալ: Սուտ է: Քո մեթոդը, քո ոգին, քո էությունը երկբայությունն ու քննադատությունն են: Այդ գիտական մեթոդդ, այդ սկեպտիկականությունդ, այդ քննադատությունդ այնպես ես պատվաստել իմ հոգուն, որ ինձ համար բնավորություն են դարձել: Կարծես դժոխաքարով խանձել ես հոգուս բոլոր այն նյարդերը, որոնց միջոցով մարդ առանց քննադատության ու պարզասիրտ հավատում է, այնպես որ այժմ, եթե ուզենամ էլ հավատալ, չեմ կարող, որովհետև հավատալու ընդունակությունից զրկվել եմ»:

***

Ես մի քիչ նման եմ եղել բուն հողից արմատախիլ արած, բայց օտար հողի մեջ էլ լավ չտնկված ծառի, սակայն մասամբ էլ իմ մեղավորությունն է այդ, որովհետև ես հարցական նշաններ էի դնում ու փիլիսոփայություն անում այնտեղ, որտեղ ուրիշները միայն սիրում են։ Դրա հետևանքն այն եղավ, որ փիլիսոփայությունից ոչինչ դուրս չեկավ, իսկ սիրտս անբերրիացրի, չորացրի։