ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում 2026-2027 ուսումնական տարում սովորելու համար

Վիետնամի ազգային համալսարանը Հանոյում

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բուհերում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունվելու նպատակով (5 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների ավարտական դասարանում, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի ավարտական կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսանող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված վճարները, տրամադրում ամսական կրթաթոշակ, առողջության ապահովագրություն: Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով, որին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 (մեկ) տարվա նախապատրաստական դասընթաց:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվեն նախընտրած մասնագիտությունը և կրթական աստիճանը,
  2. վիետնամական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի, ակադեմիական տեղեկանքի պատճենները` անգլերենով և նոտարական հաստատմամբ,
  4. բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության մասին՝ տրված վերջին 3 ամիսների ընթացքում.
  5. վիետնամերենի իմացության վկայական՝ նոտարական հաստատմամբ (առկայության դեպքում),
  6. ասպիրանտուրայի դիմորդների համար՝ հետազոտական աշխատանք, ինտերնատուրայի դիմորդների համար՝ գործնական պարապմունքների պլան,
  7. ասպիրանտուրայի դիմորդների համար՝ երկու երաշխավորագիր՝ տրված համապատասխան բնագավառի գիտնականների (դոկտորի գիտական աստիճան) կողմից,
  8. դիմորդի կարողությունների, փորձի, հետազոտական նվաճումների վերաբերյալ փաստաթղթեր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),
  9. անձնագրի պատճենը, որի ժամկետը վավեր է Վիետնամում ուսումնառության ընթացքում կամ առնվազն 1 տարի՝ Վիետնամ ժամանելուց հետո,
  10. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+2):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի մայիսի 15-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ. +37410-59-9699/646)։

Քննությունները տեղի կունենան 2026 թվականի մայիսի 15-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Դիմորդը համարվում է ընդունված Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բուհում վիետնամական կողմից համապատասխան հաստատումը ստանալուց հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ (+374 10) 599-699/646):

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews