Երևանի պետական համալսարանում ապրիլի 18-ին տեղի ունեցավ տարվա տեխնոլոգիական գլխավոր իրադարձությունը՝ «AI Conf Armenia 2026» համաժողովը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին և շուրջ 2600 գրանցված մասնակիցների: Համաժողովը ռազմավարական հայտ էր՝ ուղղված Հայաստանը ԱԲ համաշխարհային առաջատարների շարքում դիրքավորելուն՝ ներկայացնելով նաև երկրի նոր հաշվողական հզորությունները:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը ստանում է 110,000 գրաֆիկական պրոցեսոր։ Երբ պետությունը 25 միլիոն ԱՄՆ դոլարով գնում է հաշվողական ռեսուրսներ՝ դրանք ուսանողներին, հետազոտողներին և ստարտափներին հասանելի դարձնելու համար։ Երբ «NVIDIA»-ի փոխնախագահը հայտարարում է, որ Հայաստանը GPU-ների քանակով հայտնվելու է աշխարհի առաջատար հնգյակում։ Երբ աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիրներն ու ղեկավարները հավաքվում են Երևանի պետական համալսարանում՝ քննարկելու ոչ թե «ի՞նչ կլինի», այլ «ինչպե՞ս օգտագործենք այդ հնարավորությունը»։
Տեղի է ունենում տեխնոլոգիական վերափոխում, որի մասշտաբն ու արագությունն արդեն իսկ հստակ են դարձնում Հայաստանի հնարավոր դերը ԱԲ դարաշրջանի օրակարգում։ Իսկ այս պարագայում արդեն առանցքային դերակատարում ունի նաև Երևանի պետական համալսարանը՝ որպես հարթակ, որտեղ տեխնոլոգիան վերածվում է գիտելիքի, ենթակառուցվածքը՝ արդյունքի, իսկ հնարավորությունը՝ իրականության։
ԵՊՀ դերը արհեստական բանականության նոր օրակարգում
Համաժողովի բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն այսօր փոխում է գիտությունը, տնտեսությունը, պետական կառավարումը, մարդկանց մտածողությունը և անմիջական ազդեցություն ունի կրթության վրա։
«ԵՊՀ-ի համար սա պարզապես միջոցառում չէ։ Սա օրակարգ է, որտեղ մենք ունենք մեր հստակ տեղը, դերն ու պատասխանատվությունը։ Համալսարանն է պատրաստում մասնագետների, փորձարկում գաղափարներ և ստեղծում նորարարական մոտեցումներ, որոնք կիրառվում են հասարակության խնդիրների լուծման համար»։
Նրա խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության ակնկալվող արագ զարգացումը ԵՊՀ-ի համար հստակ ձևակերպում է որակյալ մասնագետներ պատրաստելու, հետազոտական նոր ուղղություններ զարգացնելու և ժամանակակից գիտակրթական միջավայր ձևավորելու հրամայականը։
ԵՊՀ գերհամակարգիչը՝ նոր որակի հետազոտությունների և կրթության հիմք
Ռեկտորն առանձնահատուկ ընդգծեց ԵՊՀ-ում տեղակայված գերհամակարգչի կարևորությունը, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։
«Սա պարզապես տեխնիկական ռեսուրս չէ։ Սա հնարավորություն է՝ նոր որակի հետազոտությունների, կրթական նոր միջավայրի, նոր համագործակցությունների և նոր արդյունքների համար։ Բայց ամենակարևորը՝ սա ազդակ է։ Երբ պետությունը նման ներդրում է կատարում, դա նշանակում է, որ գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիան դիտարկվում են որպես ազգային առաջնահերթություն»։
Նրա խոսքով՝ ԵՊՀ պարտականությունն է վերածել այդ ենթակառուցվածքը իրական արդյունքների՝ ուսանողներին սովորեցնել աշխատել մեծ տվյալների և մոդելավորման հետ, հետազոտական խմբերին ապահովել միջազգային առաջատար կենտրոնների հետ համեմատելի հաշվողական հնարավորություններով, համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ լուծելու կիրառական խնդիրներ, ծառայել պետական համակարգին՝ որոշումների ընդունման համար, այսինքն՝ ստեղծել մի ամբողջական էկոհամակարգ:
Հայաստանը՝ արհեստական բանականության ընդլայնվող օրակարգում
Համաժողովի ընթացքում «Firebird» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հայտարարեց, որ Հայաստանում կառուցվող արհեստական բանականության գործարանի՝ ԱԲ գործարանի հզորությունը նախատեսվում է կրկնապատկել։
ԱԲ գործարանը «Firebird», «NVIDIA» ընկերությունների և Հայաստանի կառավարության համատեղ նախագիծն է։ Առաջին փուլի համար հայտարարվել էր 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին, իսկ 2026 թվականի փետրվարի 10-ին պաշտոնապես ազդարարվել էր երկրորդ փուլի մեկնարկը, որի շրջանակում ներդրումների ծավալը հասնելու է մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Տարեվերջին Հրազդանում նախատեսվում է գործարկել երկրորդ փուլի համար նախատեսված 50 հազար GPU-ները։ Երրորդ փուլում Հայաստանում կկենտրոնացվի ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր, ինչի արդյունքում դրանց ընդհանուր քանակը կհասնի 110 հազարի։
«Այս թվերը պարզապես տեխնիկական ցուցանիշներ չեն։ Դրանք նշանակում են, որ Հայաստանում ձևավորվում է մի նոր հաշվարկային միջավայր, որի ազդեցությունը տարածվելու է գիտության, կրթության, հետազոտության, ստարտափ էկոհամակարգի և տնտեսության տարբեր ոլորտների վրա»։
Ռև Լեբարեդյանը՝ Հայաստանի հնարավորության մասին
Համաժողովի գլխավոր բանախոս, «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանն իր ելույթում արհեստական բանականության զարգացումը ներկայացրեց որպես մի նոր փուլ, որտեղ դեռևս ամբողջովին ձևավորված չեն «խաղի կանոնները»։ Նրա խոսքով՝ հենց դա է փոքր ու մեծ երկրների համար ստեղծում համեմատաբար հավասար մեկնարկային պայմաններ։
«Այսօր աշխարհում ոչ ոք չգիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ-ն, ինչը հավասար հնարավորություններ է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Մենք հիմա դառնում ենք ԱԲ-ի առումով հարուստ երկիր, բայց մեզնից է կախված՝ կօգտվենք այս հնարավորությունից, թե՝ ոչ։ Մենք հնարավորություն ունենք մյուսներից ավելի արագ շարժվելու»։
Լեբարեդյանը շեշտեց, որ երբ տարեվերջին գործարկվեն հայտարարված 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով կարող է հայտնվել աշխարհի առաջատար հնգյակում՝ առաջ անցնելով նաև Եվրոպայի խոշոր պետություններից։ Նրա գնահատմամբ՝ սա պարզապես տեխնիկական ցուցանիշ չէ, այլ ռազմավարական հնարավորություն, որը կարող է փոխել երկրի տեղն ու կշիռը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։
Նա նաև հայտարարեց, որ առաջին փուլի 6 հազար GPU-ները հետազոտողներին հասանելի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Ռև Լեբարեդյանը համաժողովում ներկայացրեց նաև արհեստական բանականության էկոհամակարգը՝ որպես «հնգաշերտ տորթ», որտեղ յուրաքանչյուր շերտ ունի իր նշանակությունը. էներգիան, որը ԱԲ-ի հիմքն է, չիպերը, որոնք էներգիան բանականության վերածող գործիքներն են, ենթակառուցվածքներ՝ գործարաններ, որոնք արտադրում են «թոքեններ», մոդելներ (օրինակ՝ GPT, Claude), կիրառական շերտ, որտեղ տեխնոլոգիան լուծում է իրական խնդիրներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, գյուղատնտեսության և բիզնեսի: Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն մասնակցություն ունի ԱԲ «տորթի» բոլոր հինգ շերտերում, և սա միայն սկիզբն է։
Ռև Լեբարեդյանի կարևոր շեշտադրումներից մեկը վերաբերում էր Հայաստանի աշխարհագրական ու պատմական դիրքի նոր վերաիմաստավորմանը։ Նա ընդգծեց, որ այսօր մենք թևակոխում ենք «Agentic AI» (ԱԲ գործակալական) դարաշրջան։
«Ի տարբերություն նախկին տեխնոլոգիաների, որոնք միայն օգնում էին մարդուն, ԱԲ գործակալները կարող են աշխատել ինքնուրույն։ Հայաստանի պես փոքր երկրի համար սա բեկումնային է. եթե մեր բնակչությունը 3 միլիոն է, ապա ԱԲ գործակալները կարող են դառնալ երկրի «նոր աշխատակիցները», որոնք կբարձրացնեն ՀՆԱ-ն՝ առանց մարդկային ռեսուրսի քանակական սահմանափակման»:
Լեբարեդյանի խոսքով՝ Հայաստանը կարող է լինել ոչ թե սահմանափակումների մասին պատմություն, այլ կապող օղակ՝ արտահանելով գիտելիք, ներգրավելով նոր հնարավորություններ և դառնալով կարևոր ոչ միայն իր, այլև արտաքին աշխարհի համար։ Այդ մոտեցմամբ տեխնոլոգիան այլևս միայն մասնագիտական թեմա չէ, այլև զարգացման ռազմավարություն։
Ամբողջությամբ՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews













