ԳլխավորԼուր

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալե

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական բանականության միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։

Տաղավարի բացումը պետություն-մասնավոր հաջողված համագործակցության հերթական օրինակ է: Այն բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսակական աջակցությամբ:

Հայաստանի տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ Մարիաննա Կարապետյանը։

«Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագիծը թիմային աշխատանք է և ներառում է ճարտարապետների, հետազոտողների և տեխնոլոգների թիմ Electric Architects, TUMO Creative Technologies կենտրոնից, CALFA և MoNumEd կազմակերպություններից: Նախագծում ընդգրկված արվեստագետներից են Սիփանա Չակերյանը և Չահան Վիդալ-Գորենը (CALFA / MoNumEd), Հուլե Քեչիչյանը, Պեգոր Փափազյանը և Մարի Լու Փափազյանը (ԹՈՒՄՈ), Արի Մելենսիանո և Բալենսիանո Վարելչանոն, և. Electric Architects-ի թիմը:

Տաղավարի հիմքում արհեստական ինտելեկտի գեներացնող մոդելն է: Նախագիծն ուսումնասիրում է մշակութային հիշողության սխալականությունը և փորձում է բացահայտել, թե ինչպես կարող են զարգացող տեխնոլոգիաները ընդլայնել ճարտարապետական հիշողության ըմբռնումը՝ ստեղծելով մշակութային արտահայտման նոր, կենդանի ձևեր:

Արհեստական բանականության կողմից ձևավորված ճարտարապետական ապագայի և հավաքական հիշողության հարցերի շուրջ մտորումների խրախուսումը նախագծի գլխավոր նպատակն է։ Նախագիծը նաև ընդգծում է մշակութային ժառանգության պահպանության ավանդական պատկերացումների վերանայման և մշակութային ժառանգության էությունը նորովի ուսումնասիրելու հնարավորությունը։

Բիենալեն գործելու է մինչև նոյեմբերի 23-ը։ Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական և կրթական հանդիպումներ, որոնց կմասնակցեն Վենետիկի համալսարանի, ճարտարապետական քոլեջների և մասնագիտական այլ հաստատությունների ուսանողները: