Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլում գրանցվել է 1321 դիմորդ, ինչը 273-ով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Այս աճը ոչ միայն քանակական ցուցիչ է, այլ նաև վկայում է համալսարանի՝ կրթության որակի և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին, գրել է ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։
Ընդհանուր առմամբ, ՀՀ բուհերի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 9%-ով, մինչդեռ ՃՇՀԱՀ-ի դեպքում աճը կազմել է 26.05%։
«Ճարտարապետություն» մասնագիտությունն այս տարի դարձել է դիմորդների կողմից երկրորդ ամենապահանջված ընտրությունը՝ վկայելով ոլորտի աճող նշանակության և ՃՇՀԱՀ-ի առանցքային դերի մասին։ Թոփ մասնագիտությունների ցանկում է նաև «Միջավայրի դիզայն» -ը, ինչը ևս վկայում է կիրառական և ստեղծագործական մասնագիտությունների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։
«Դիմորդների թվի այս դրական միտումը պայմանավորված է ՃՇՀԱՀ-ի՝
- արդիականացված և մրցունակ կրթական ծրագրերով,
- փորձառու և նվիրված պրոֆեսորադասախոսական կազմով,
- ժամանակակից լաբորատոր և ստեղծագործական միջավայրով,
որոնք միասին ձևավորում են մասնագիտական բարձրակարգ կրթություն ստանալու գրավիչ և վստահելի հարթակ»,-նշված է գրառման մեջ։
Հավելենք, որ այս ուստարում ՃՇՀԱՀ-ն ունի ընդունելության 928 տեղ (101 անվճար, 827 վճարովի)։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընթանում էր 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews