ԳլխավորԼուր

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմինների, դոնոր կազմակերպությունների, ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցության կայուն շրջանակ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը համաժողովի մասնակիցներին փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը: Նա տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը:

Վահագն Խաչատուրյանը կարևորել է ժամանակակից աշխարհում արհեստական բանականության դերը՝ ընդգծելով, որ ցանկացած առաջընթաց իր հետ բերում է նաև որոշակի վտանգներ և ռիսկեր, որոնք անվտանգության առումով անհրաժեշտ է դարձնել ոչ խոցելի և կառավարելի: Նա անդրադարձել է նաև Հայաստանի թվայնացման ճանապարհին կիբերանվտանգության մարտահրավերներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ պետության տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով կրթության ռազմավարական ուղղություններից են սահմանվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրերի արդիականացումը՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Այդ համատեքստում նախարարը մասնավորապես կարևորել է մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումը։

«Ուսումնական հաստատությունները սովորողներին պետք է այնպես պատրաստեն, որ նրանք դառնան արագ զարգացող հասարակությանը պատրաստ անհատներ, ու զինեն այնպիսի կարողունակություններով ու հմտություններով, որոնք հնարավորություն կտան ստեղծագործել և կատարելագործել մասնագիտական գիտելիքները տեխնիկային ու արհեստական բանականությանը համընթաց, ինչպես նաև հաջողության հասնել թվային աշխարհում։ Այդ հաջողության բանալին թվային գրագիտությունն է, ինչն ուսանողներին թույլ կտա հարմարվել դասավանդման նոր մոտեցումներին և ապահովել պետության զարգացումը»,- նշել է նախարարը:

Վահրամ Դումանյանը ներկաներին տեղեկացրել է, որ հաշվի առնելով ոլորտի գերակայությունը՝ ՀՀ կառավարությունը 2021/2022 ուստարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հաստատել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագրով ընդունելության 8 տեղ և «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրով՝ ընդունելության 5 տեղ։

Մասնակիցներին ողջունել է նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելը՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ ՀՀ տնտեսության ապագայի մաս և ընձեռել զարգացման նոր հնարավորություններ:

Համաժողովի շրջանակում «Արհեստական բանականության ներկան և ապագան Հայաստանում» թեմայով քննարկմանը Հայաստանի հայտնի ՏՏ ընկերությունների, գիտակրթական և նորարարական կենտրոնների ներկայացուցիչները հանդես են եկել որպես բանախոսներ: Այնուհետև կայացել են պանելային քննարկումները: «Արհեստական բանականության ոլորտում կրթության հզորացումը. նորարարական կրթական ծրագրեր և մոդելներ «ներկա կրթություն-ապագա աշխատուժ» համատեքստում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: