Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հրահանգ, թե ինչպես ներդնել հայերենով ձայնային տեխնոլոգիաները և այս պահին միայն հայախոս արհեստական բանականությունը ռոբոտաշինական տեխնիկա, որը թույլ կտա իրականացնել մեքենայական սարքերի և ռոբոտների հումանոիդացման արդիական և հեղափոխական մոտեցումը ձեր բնագավառում, ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության նախագահ Արտակ Հովսեփյանը՝խոսքն ուղղելով առաջին հերթին Armath Engineering Laboratories-ին, TUMO Center for Creative Technologies-ին և այլ ռոբոտաշինական խմբակների պատասխանատուներին։
«Այս տեխնոլոգիաները մշակվել են տարիների ընթացքում և հասցվել են նվազագույն ծախսերի, կարելի է ասել, անվճար մակարդակի։ Վճարովի միայն տեխնիկական սարքերն են, որոնց պլատֆորմի վրա գործածվում են։ Այն էլ նրանց ձեռք բերման գինը սկսվում է 14 175 դրամից մինչև 29 710 դրամ (ըստ Wildberries-ի տվյալների), ինչը, չենք կարծում, որ անհասանելի գումար է։ Այն այսօր մեկ֊երկու հաճախորդի ռեստորանային գումար է։
Նոր տեխնոլոգիաները ոչ միայն խստապահանջ չեն տեխնիկայի հանդեպ, այլև բավականաչափ արագ են։
Այս ներդրմամբ դուք փաստորեն թռիչք կկատարեք մի նոր մակարդակ, որը թույլ կտա սովորողներին կենտրոնանալ արդի՝ հումանոիդացված ռոբոտաշինության խնդիրների վրա մայրենի լեզվով։ Այլևս երեխաները ստիպված չեն լինի շատ ժամանակ հատկացնել օտար լեզուների և ծրագրավորման՝ ալգորիթմների կազման վրա և սեփական լեզվով կզբաղվեն հումանոիդ ռոբոտների յուրացմամբ և ազատ զարգացմամբ։ Դա աներևակայելի ստեղծագործական ու արարչագործական թափ կհաղորդի դեռահասների աշխատանքին։
Այս ճանապարհով ռոբոտաշինական խմբակներ է բերվում մեքենայական խոր ուսուցումը (Deep Learning), որը 2015 թվականից գերիշխում է ծրագրային ոլորտում։
Ժամանակն է արդիականալու, առավել ևս մեր այս ծանրագույն իրավիճակում, երբ արտաքին մարտահրավերներն օր֊օրի բազմապատկվում են։
Մեր սահմանափակ մարդկային ռեսուրսների պայմաններում միայն մեքենայական սարքերի ու ռոբոտների ներդրումը և զանգվածային կիրառումը թույլ կտա արժանավայել հաղթահարել բոլոր մարտահրավերները և թռիչքաձև զարգանալ»,-նշված է գրառման մեջ։