ԳլխավորԼուր

Հայերենի թվայնացում. Որպեսզի ռոբոտները խոսեն հայերեն

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը չի զբաղվում հայերենի թվայնացման այնպիսի գործիքների մշակմամբ, որոնք չափազանց անհրաժեշտ են մեքենայական սարքերի հետ բնական լեզվով հաղորդակցման, զուտ հայկական ռոբոտաշինության համար։

Այս մասին նշված է Ազգային արագացման հանրային նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Ինչո՞ւ։ Պատմական ո՞ր մի ժամանակաշրջանում, և այն էլ անկախ պետության պայմաններում, հայերենն անհաղորդակից է եղել նոր քաղաքակրթական ու տեխնոլոգիական զարգացմանը։

Ովքե՞ր են գիտակրթական այն ճարտարապետները, որոնք որոշել են, որ Հայաստանը դերակատարություն չունի ժամանակակից տեխնոլոգիական զարգացման գործընթացում և նա ընդամենը պետք է լինի օտարների մշակած տեխնոլոգիաների պասիվ սպառող։ Միթե՞ Հայաստանում ձևավորված կառույցների միակ առաքելությունը տիտղոսային լեզուներով մանր ծառայությունների մատուցումն է տեխնոլոգիապես առաջատար երկրներին և վերազգային կորպորացիաներին։

Պոլիտեխնիկցիները մասնակցել են «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսին

Որտե՞ղից այսքան կամազրկություն մի երկրում, որն անհիշելի ժամանակներից եղել է արարչագործչական, ակտիվորեն քաղաքակրթություններ կերտող և տարածող։ Այսօր, երբ բացառիկ հնարավորություններ կան այլընտրանքային՝ ոչ ծախսատար և ոչ կորպորատիվ ճանապարհով զարգացնելու սեփական՝ հայերենով ու հայաստանակենտրոն սկզբունքերով տեխնոլոգիաները, քար անտարբերություն ու անգործություն է տիրում, համենայն դեպս, ՀՀ գիտակրթական ոլորտում։

Մեր հարևան Իրանը 40 տարուց ավել գտնվելով պատժամիջոցների ճնշման տակ վերջերս հայտարարեց սեփական ռոբոտների արտադրության մասին։ Սեփական արտադրության ռոբոտները, մեքենայացված ու «խելացի» սարքերն այլևս խոշոր երկրների ու կորպորացիաների մենաշնորհը չեն։ Մի քանի ամիս առաջ պաղեստինցիներն ապշեցրեցին իրենց հրթիռներով և այլ զինատեսակներով անհաղթահարելի խնդիրներ առաջացնելով հակաօդային պաշտպանության բազմամիլիարդանոց, անչափ գովազդված ու անխոցելի համարվող «Երկաթե գմբեթ» համակարգի համար։ Նույն ձև մեծ տպավորություն է գործել ինժեներական այլընտրանքային՝ ոչ ակադեմիական միտքը Լիբանանում, Իրաքում, Եմենում։ Նշենք, որ միշտ չէ, որ ձեռքբերումները եղել են հին ու բարի Reverse Engineering մեթոդի շնորհիվ։

Այս պայմաններում հայկական ԲՈՒՀ֊երը մեծ իներցիայով շարունակում են պատրաստել կադրեր, որոնց ՕԳԳ֊ն մեծ կասկածի տակ է արագացման այս դարաշրջանում։ Նրանցից լավագույնները հավանաբար կհեռանան կամ կսպասարկեն օտարներին՝ անցնելով հատուկ վերապատրաստում, իսկ մնացածները՝ կհամալրեն գործազուկ ու ապասոցիալացված խավերի շարքը, քանզի նորագույն պահանջներին չհամապատասխանող գիտելիքներով անհնար է մրցակցել տեղական շուկա թափանցած օտարերկրացիների հետ, որոնք լիուլի օգտվելու են իրենց թվային առավելություններից։ Իսկ օտարների ձեռքով մշակված արհեստական բանականության ահագնացող էքսպանսիայի մասին, կարծում ենք, կարիք չկա խոսելու։

Գիտության փառատոն՝ ՊոլիտեխնիկումՄեր նախաձեռնությունը դիմում է բոլոր ուսումնական հաստատությունների ղեկավար կազմերին, գիտխորհրուրդներին կոչ անելով ընդգրկել ուսումնական ծրագիր հայերենի թվայնացման առարկա, գոնե տվյալագիտության մակարդակով։ Մենք պատրաստ ենք առավելագույնս օգնել մեր մշակած գործիքակազմով։ Կտրամադրենք մեթոդաբանական խորհրդատվություն և ծրագրային ապահովում ընդգրկելու ուսումնական ծրագիր սեփական տվյալների՝ հայկական Big Data-ի ձևավորման և մշակման կուրսը։

Մենք պատրաստակամ ենք խորհրդատվություն տրամադրել, թե ինչպե՞ս և ի՞նչ գործիքակազմով, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր հայերենի թվայնացումն առավելագույնս արդյունավետ և անցնցում ընդգրկել ինչպես համալսարանի առաջիկա տարիների ռազմավարության, այնպես էլ կոնկրետ ամբիոնի հռչակած ռազմավարության մեջ։ Ըստ այդմ, հայերենի թվայնացման համատեքստում մենք մեթոդոլոգիական խորհրդատվություն կտրամադրենք մասնագիտության վերջնարդյունքների և շրջանավարտի հմտությունների ու կարողությունների ձևավորման ադապտացման և արդիականացման վերաբերյալ։

Այս հղմամբ կարելի է տեսնել պրակտիկ օրինակ, թե ինչպես այն կիրառվում մեքենայական թարգմանության նյութերի խմբագրման ծրագիրը Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։

Սա միակ արդյունավետ ճանապարհն է հաղթահարելու թվային խոր ու անպատվաբեր հետամնացությունը, դուրս գալու ընդարմացված վիճակից և կանգնելու տեխնոլոգիական առաջադիմության հաստատուն ռելսերի վրա, առանց որի մեր անկախ պետականությունը և ընդհանրապես հայրենիքի տարածքում ազգային գոյությունը մեծ հարցականի տակ է։

Comment here