2021 թվականի մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։
Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը, որի անդամներն էին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարգսյանը։
Մրցույթի թեժ պայքարի ընթացքում մասնակից թիմերը կատարել են փորձի փոխանակում, միմյանց են հաղորդել իրենց գաղափարները և ձեռք են բերել նոր գիտելիքներ։ Մրցույթի անցկացման օրերին կազմակերպվել են առցանց դասընթացներ, էքսկուրսիաներ, խորհրդատվություններ միջազգային մասնագետների հետ։
Հայկական թիմը մրցույթի շրջանակում ներկայացրել է երեք նախագիծ՝ «Խելացի տուն», «Բիոնիկ ձեռք», «Դաշնակահար ռոբոտ». բոլոր նախագծերն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր։ «Ֆիզմաթ-Հայաստան» թիմն արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալի.
— առաջին տեղ՝ ոսկե մեդալ. «Խելացի տուն» անվանակարգում՝ «Խելացի տուն» նախագիծը,
առաջին տեղ՝ ոսկե մեդալ. «3D մեխանիկա» անվանակարգում՝ «Բիոնիկ ձեռք» նախագիծը,
երկրորդ տեղ՝ արծաթե մեդալ. «Կիբեռնետիկական արվեստ» անվանակարգում՝ «Դաշնակահար ռոբոտ» նախագիծը:
Ինչպես նշում են մասնակիցները, մրցույթ-փառատոնը միջազգային հարթակում իրենց ուժերը չափելու և նոր գիտելիքներ ստանալու հիասքանչ հնարավորություն էր։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։