Digitec-2023-ն («ԴիջիԹեք») իրականություն դարձավ՝ առաջին անգամ «Մերիդիան էքսպո» կենտրոն տեղափոխվելով։ 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին, հայտնում են ԱՏՁՄ-ի լրատվական ծառայությունից։
Այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսում նորամուծությունները շատ էին։ Տեղում գործում էր վերելակի 1 րոպեանոց ֆորմատը՝ «Elevator Pitch»-ը, որտեղ սկսնակները ներկայացան և ստացան ֆինանսավորման հնարավորություն փորձառու հրեշտակ ներդրողներից։ Ամեն ընկերության հիմնադիր ստացավ մեկական րոպե՝ իր ընկերությունը ներկայացնելու համար։ Միջոցառումը կազմակերպել աջակցեց BANA Angels-ը։
Այս տարի ԱՏՁՄ-ն 100% ֆինանսավորմամբ աջակցեց սկսնակ և փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը: Վենչուրային հիմնադրամներն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ևս ֆինանսավորեցին սկսնակ տեխնոլոգիական թիմերի ներկայությունը «ԴիջիԹեք»-ում։
ԱՏՁՄ-ն աջակցեց նաև Արցախից բռնի տեղահանված մի քանի ընկերության՝ «ԴիջիԹեք»-ում ներկայանալու, նոր գործընկերներ և ներդրումներ գտնելու համար։ Արցախցի մեր հայրենակիցները ներկայացան միասնական տաղավարով՝ «Վերածնվում ենք» խորագրով։ Մասնակցեցին «Մունք» տեխնոդպրոցը, Bitty կազմակերպությունը և BIB ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Դավիթ Գաբրիելյանը և նրա եղբայրը՝ վիդեոբլոգեր Տիգրան Գաբրիելյանը պատմեցին Արցախից տեղահանման ճանապարհի մասին։
18-րդ «ԴիջիԹեք»-ում «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում էին հատկապես մեր երկրում առաջացած խնդիրները։ Ներկայացված էին մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր, ինչպես նաև ներկայացավ մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը կկայանա հոկտեմբերի վերջին։
«ԴիջիԹեք»-ում տեղի ունեցավ նաև «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։ Ելույթներ ունեցան ներկայացուցիչներ նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ)։ Armenian Code Academy-ն ևս մասնագիտական սեմինարներ անցկացրեց արցախցի մեր հայրենակիցների համար։ Միջոցառման օրերին հնարավոր եղավ նաև փնտրել աշխատատեղեր, մասնակցել Open Mic ֆորմատով տեխոնոլոգիական ելույթներին։
ԴիջիԹեքյան օրերին 2 կարևոր հուշագիր ստորագրվեց նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար։ Նախ հուշագիր ստորագրվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի միջև՝ դպրոցի և «Արմաթ» միջև կապն ամրապնդելու և զարգացնելու նպատակով։ Հուշագրով դպրոցներում կօգտագործվեն «Արմաթ»-ների ենթակառուցվածքներն ու կփոխկապակցվեն դպրոցական ընդհանուր ծրագրին:
Եվ ևս մեկ հուշագիր ստորագրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի և Արթուր Սարգսյանի միջև։ Հուշագրով Արթուր Սարգսյանը, որպես նվիրատվություն, Երևանի 66 հիմնական դպրոցում կաջակցի նոր «Արմաթ» լաբորատորիա բացելուն։ Դպրոցի ընտրությունը բարերարի համար հատուկ ընտրված է, քանի որ սովորել է այդ դպրոցում։
«ԴիջիԹեք»-ն աշխարհին լսելի դարձնելու համար առաջին անգամ Հայաստան ժամանեցին միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Քրեյգ Սփենսեր Սմիթը՝ Forbes-ից, Էնթոնի Քաթբերթսոնը՝ Independent-ից, Վարուն Կեսարին՝ Make Use Of-ից և Բրետ Հրեշման՝ Benzinga-ից։ Լրագրողներին Հայաստան աջակցեց The Crowdfunding Formula-ն։
