ԳլխավորԼուր

Մեզ ձերբակալելով ուզում են ցույց տալ, թե ռեկտորի դեմ պայքարողները խուժան թմրամոլներ են. ԲՊՀ պրոռեկտոր

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Երևանի Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել։ Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետվել են3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: Պարզվում է` բերման ենթարկվածները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ու նույն բուհի դասախոս Հակոբ Մադոյանն են: Usanogh.am-ը թեմայի շուրջ զրուցեց Սահակ Մանուկյանի հետ:

-Պարո´ն  Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը:

-Այս ամենն արվում է իմ անձը հեղինակազրկելու, ինձ պախարակելու համար: Միայն այդ նպատակն է  հետապնդում, այդ նույն ձեռագրով վարվեցին  պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ` պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելով: Ուզում են ցույց տալ, թե մենք խուժան ենք, խուլիգան ենք, թմրամոլ ենք, և այլն, և այլն: Ուզում են ցույց տալ, որ  բուհերի միավորման, ռեկտորի ապօրինությունների դեմ պայքարողները ահա այսպիսի մարդիկ են: Վերջին շրջանում ես պարբերաբար նամակներ էի հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետական մարմինների, որոնց միջոցով անդրադառնում էի բուհում արվող կոպտագույն խախտումներին:

-Իսկ  ձեզ ձերբակալելու դեպքն ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել:

-Ընկերոջս` Մադոյանի հետ էինք, «Մասիվում» խնդրեցի մեքենան կանգնեցնի, իջանք մի քիչ օդափոխվելու, լավ չէի զգում, մեկ էլ պարեկները մոտեցան, ես հեռու կանգնած էի, մտքովս էլ չէր անցնում, որ կարող են ձերբակալել: Նկատեցի ընկերոջս ձերբակալեցին, իբր թե այն մեղադրանքով, որ նրա մոտ եղել է թմրամիջոց: Ասում եմ` այս ինչ եք անում: Ինձ էլ ձերբակալեցին: Ես պարեկներին ասել եմ` տղանե´ր, ինքս իրավաբան եմ, իմ իրավունքները շատ լավ գիտեմ, այս ի՞նչ եք անում: Ինձ ասում են` դու դեպքի վայրում ես եղել:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ շուտ բաց թողեցին:

-Որովհետև ոչ մի ապացույց չունեին:

-Իսկ դուք չեք պատրաստվու՞մ ձեր իրավունքները պաշտպանել, եթե պնդում եք, որ մեղադրանքը կեղծ է:

-Երբ նախաքննությունը կավարտվի, ես դրանով կզբաղվեմ, պատճառված բարոյական վնասի, բարի համբավս արատավորելու համար փոխհատուցում եմ պահանջելու:

-Բուհում հիմա ի՞նչ մթնոլորտ է:

-Կա լարվածություն ռեկտորի հետ, բայց դա չի անդրադառնում դասապրոցեսի վրա: Ես ինքս երբեք կոնֆլիկտի չեմ գնում:

Նշենք, որ դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ