ԳլխավորԼուր

ԲՊՀ-ում պաշտոնապես բացվել է «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակը

ԲՊՀ-ում պաշտոնապես բացվել է «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակը

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի և «Իտալերենի 25-րդ շաբաթը ողջ աշխարհում» ամենամյա նախաձեռնության շրջանակում, որն այս տարի կրում է «Իտալոֆոնիա․ իտալերենը երկրի սահմաններից դուրս» խորագիրը, տեղի է ունեցել «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակի պաշտոնական բացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Կոմիտեին առընթեր գործելու է Հռոմի ասոցիացիայի PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնը, որը կկազմակերպի իտալերենի գիտելիքների ստուգման քննություններ։ Կոմիտեն նաև իրականացնելու է իտալերենի և իտալական մշակույթի ուսուցման տարբեր մակարդակի դասընթացներ՝ նպաստելով Հայաստանում իտալական մշակույթի և լեզվի տարածմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը Հայաստան-Իտալիա միջմշակութային կապերի զարգացման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայում ներդրվող հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման միասնական համակարգի աշխատանքի արդյունավետության առումով՝ ընդգծելով, որ այդ գործընթացում, ի թիվս եվրոպական այլ առաջատար լեզուների, կարելի է կիրառել նաև PLIDA-ի փորձառությունը։

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանում այս օրերին գտնվում են Իտալիայից ժամանած մշակույթի ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք աջակցում են Գառնիի խճանկարների վերականգնման, ինչպես նաև Արուճի և Դվինի հնավայրերում իրականացվող աշխատանքներին։

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ևս կարևորել է «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակի բացումը: Ընդգծելով երկու երկրների միջև պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ նա վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես կրթության և մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ: Դեսպանը կարևորել է ՀՀ-ում իտալերենի ուսուցման ընդլայնման հնարավորությունները, Հռոմի ասոցիացիայի PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնի միջոցով անցկացվելիք քննությունները և հայ սովորողների՝ Իտալիայում կրթությունը շարունակելու հեռանկարները:

Ելույթներին հաջորդել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը իտալերեն ենթագրերով՝ թարգմանված ԲՊՀ Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի իտալերենի մասնաբաժնի ուսանողների կողմից։