ԳլխավորԼուր

Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունքի մանկապարտեզ

Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունքի մանկապարտեզ

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան:

Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով:

Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում:

Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են՝ շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը կկազմի 85 տոկոս: