ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է ինքը՝ Մաթևոսյանը։
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ընտրվեցի Խորհրդի նախագահ։
Շնորհակալ եմ Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը ինձ վստահելու համար։
Ելույթումս, անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, նշել եմ, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրել եմ՝ ես առաջին երաշխավորն եմ, որ համալսարանի գործունեությունը լինելու է ապաքաղաքական։
Վստահեցնում եմ, որ անելու եմ առավելագույնը՝ համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2020-ի նոյեմբերի 6-ին, երբ դեռ փոխվարչապետ էր, իսկ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2021–ի նոյեմբերի 7-ին։