Սեդա Ավագյանը սովորում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի «Ֆրանսերեն և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։
***
Հնարավորությունը` մասնագիտական պրակտիկա անցնել Ֆրանսիայում և հովանավորվել Erasmus+ ծրագրի կողմից, ձեռքից բաց թողնել հաստա՛տ չարժեր:
Ես իսկապես պաշտում եմ Ֆրանսիան ու ֆրանսերենը։ Ես իսկապես շնորհակալ եմ Բրյուսովին (ԲՊՀ)՝ իմ սիրելի համալսարանին, որն օգնել է հասնել իմ նպատակներին։
2019 թվականին ևս այդ հնարավորությունն ունեցել էի, երբ դեռ սովորում էի նույն ֆակուլտետի բակալավրիատում, և պրակտիկաս անցկացրի Լիլ քաղաքի Քլոդ Լվի Սթղոս քոլեջում, սակայն տևեց 1 ամիս, ինչը, կարծում եմ մի փոքր քիչ էր Ֆրանսիան բացահայտելու և մասնագիտական խորը հմտություններ ձեռք բերելու համար:
Այս անգամ պրակտիկաս Լիլ քաղաքի Մոնտեբելլո լիցեյում էր, և ավելի երկար էր ժամկետը` 2 ամիս։ Հրաշալի առիթ էր նախկին պրակտիկայիս բացերը լրացնելու, ֆրանսերենի իմացությունը բարելավելու և Ֆրանսիան խորքային ճանաչելու համար:
Ֆրանսիայում կրթական ծրագիրը տարբերվում է հայաստանյան կրթական ծրագրից: Հիմնականում դասալսումներ էի կատարում բարձր դասարաններում, և նաև առիթ եմ ունեցել ֆրանսերեն քերականության դասընթացներ վարելու։ Իսկապես հաճելիորեն զարմանում էի, երբ տեսնում էի, որ դասարանի բոլոր աշակերտները ներգրավված էին դասին: Ու դասերը, կարելի է ասել, այդքան էլ դասագրքային չէին, այլ ուսուցիչն ազատ էր նյութերն ընտրելու հարցում:
Եվ այն, ինչն ամենաշատն եմ գնահատել, դա այն է, որ ուսուցիչն ամեն բան անում է աշակերտին սովորեցնելու համար վերլուծական մտածողություն. աշակերտներն ազատ կարծիք էին արտահայտում, կիսում էին իրենց մտքերը, հաճախ իրար հակառակվում էին, բանավիճում, իսկ ուսուցիչն ընդամենն ուղղորդողի դերում էր։
Այս փորձն ինձ համար նախ ինքնաճանաչման մեծ ուղի էր, քանի որ լինելով ընտանիքից, ընկերներից հեռու, հույսդ միայն դնում ես քեզ վրա, կողմնորոշվում տարբեր բարդ և անելանելի թվացող իրավիճակներում, մեծանում է ինքդ քո հանդեպ ունեցած պատասխանատվությունը, սկսում ես ինքդ քո միջոցով ճանաչել քեզ, քո ուժեղ ու թույլ կողմերը արդեն հայրենիքից հեռու, երբ միակ օգնական ուժդ հենց դու ես։
Դե իսկ մասնագիտական առումով բավականին հարստացած եմ վերադարձել. բարելավել եմ ֆրանսերենս, ծանոթացել եմ ֆրանսիացի ուսուցիչների կողմից կիրառվող մանկավարժական հետաքրքիր մեթոդներին, որոնք, լինելով գործող ուսուցիչ, կիրառում եմ դասարանում։ Դպրոցական 2 շաբաթ արձակուրդի ընթացքում փորձել եմ հնարավորինս շատ ճամփորդել Ֆրանսիայում, գնալ թանգարաններ, տարբեր քաղաքներ և իսկապես վայելել Ֆրանսիան։
Շատ բաներ եմ քաղել այնտեղից, համեմատել, վերլուծել և փորձել եմ ստանալ ոսկե միջինը իմ մասնագիտական ոլորտում լավագույնս ներկայանալու համար։
Մանկավարժությունն ինձ համար արվեստ է, և իմ կարծիքով ամեն ուսուցիչ ինքն է ընտրում իր դասավանդման ոճը, մեթոդները։ Նման պրակտիկաները, կարծում եմ, օգտակար կլինեն անգամ 40 տարվա փորձ ունեցող մանկավարժին։ Դիտարկելով և համեմատելով դու միայն բարձրացնում ես քո դասավանդման որակը՝ հիմնվելով ստացածդ արդյունքների վրա։ Սովորելու բան ունենք բոլորս՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտական երկար տարիների փորձից։
Մեր համալսարանն այնքան լավ հնարավորություններ է տալիս ուսանողներին․ սեմինարներ, հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, մի շարք դպրոցների տնօրենների հետ։ Պետք է փորձել ամեն տեղ երևալ, դիմել, շատ կամավորություններ անել։ Ոչինչ չանել և սպասել, որ մի օր նպատակդ կիրագործվի, դա անմտություն է։
Իմ խորհուրդն է՝ երբեք ոչ ոքի թույլ չտալ կանգնել ձեր երազանքների իրականացման ճանապարհին. լինի նա ձեր ընկերը, հարազատը և անգամ ընտանիքի անդամը։ Չէ՞ որ դուք ամենալավը գիտեք, թե ձեզ ինչ է պետք այս կյանքում։ Ամեն գնով հասեք ձեր նպատակներին, եթե անգամ դա տարիներ տևի։ Պրպտե՛ք, փնտրե՛ք, գտե՛ք, ձախողե՛ք, նորից փորձեք, մի՛ հանձնվեք, և հույսը միայն ու միայն ձեզ վրա դրեք։
Եվ վերջում ուզում եմ ավելացնել մի բան, եթե մարդն իր ամբողջ հոգով հավատում է իր երազանքի/նպատակի իրականացմանը, ապա ողջ տիեզերքն է նրան օգնում և պայքարում դրա կատարման համար։