Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը, հայտնում են Ֆրանսիայիում ՀՀ դեսպանությունից:
Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես են եկել դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, Ֆրանսիայի նախագահի որոշմամբ ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարների հավերժացման անհրաժշտությունն ու կարևորությունը երիտասարդ սերնդի համար:
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես են եկել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի անդամ և Շատնե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, դեպարտամենտի պրեֆեկտ Բենուա Տրեվիզանին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Օ-դը-Սենի հանրային կրթության ծառայության ակադեմիական տնօրենը։
Դպրոցի բացման արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ազգային ժողովի և Սենատի անդամներ, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Կարլ Սեգոյին՝ Մանուշյանի անունով դպրոցն անվանակոչելու նախաձեռնության համար:
Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի սաները հանդես են եկել նաև Շառլ Ազնավուրի երգերի ինքնատիպ կատարումներով։
Միսաք Մանուշյանը 1931-1933 թվականներին ապրել է Շատնե-Մալաբրիում, Ժան Ժորեսի պողոտա, 44 հասցեում:





