Անկախ նրանից՝ ուսուցիչը ինչպիսի վարք դրսեւորած կլինի, ուսուցչի հետ խնդիրները պարզելու ձեւաչափը դա չէ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով Մերձավանի դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։
Մայիսի 13-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։
«Բնականաբար, կան ուսուցիչներ, եւ կարող են լինել ուսուցիչներ, որոնք աշակերտների հետ, ծնողների հետ կարող են իրենց պահել էթիկապես ոչ այնքան ճիշտ։ Մենք ամեն օր ստանում ենք բռնությունների, բուլինգի վերաբերյալ դեպքերի ահազանգեր, երբեմն նաեւ ուսուցիչների կողմից։ Բայց որեւէ մեկը չի թույլատրում որեւէ մեկին ուսուցչի հետ նման կերպ վարվել։ Եթե ուսուցիչն անթույլատրելի, անհարգալից, ոչ կոռեկտ, մանկավարժին ոչ հարիր որեւէ բան է արել, ապա դրա համար կա դպրոցի համապատասխան վարչական կազմ, որը պիտի զբաղվի այդ հարցով, ոչ թե այդ հարցերը պետք է լուծվեն Լինչի դատաստանի տեսքով ծնողների, աշակերտների ու նաեւ մանկավարժների կողմից»,-հայտարարեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews