ԳլխավորԽճանկար

Կիսատ դաս և կիսատ կյանք. 1500 արցախցի ուսուցիչ աշխատանք է փնտրում. ո՞ւր դիմել

Մարի Պետրոսյանը աշակերտների հետ

Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցը վերջինն էր, որտեղ անգլերենի ուսուցչուհի Մարի Պետրոսյանը դասավանդեց: 3 տարի թիվ 12 դպրոցում դասավանդելուց հետո ընդամենը 1 ամիս էր, ինչ նոր դպրոցում էր, արդեն հարմարվել էր, սակայն տեղի ունեցավ անդառնալին…

Արցախից տեղահանվելուց հետո հիմա Մարին ընտանիքի հետ ապրում է Մասիս քաղաքում, բարեկամի տանը: Հայաստանում ուսուցչի աշխատանք գտնելու համար հասցրել է դիմել Մասիսի քաղաքապետարան, «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրում է գրանցվել. արձագանք դեռ չկա.

«Ստեփանակերտում բացի դպրոցում դասավանդելուց ունեի նաև 10-15 աշակերտներ, որոնց հետ պարապմունքներ էի անցկացնում: Հիմա հենց կացարանի խնդիրը լուծենք, կկարողանամ նաև աշխատանքի հստակ տեղի մասին մտածել, ինչպես նաև` պարապմունքների»,-Usanogh.am-ի հետ զրույցում ասաց Մարին:

Հարցին, թե կապ պահո՞ւմ է արդյոք սաների հետ, Մարին պատասխանեց, որ նրանցից շատերը հարազատ են կորցրել թե´ պատերազմում, թե´ Ստեփանակերտի չարաբաստիկ պայթյունի ժամանակ. «Ընտանիք կա, որտեղ 3-4 հոգի պարզապես անհետացել են պայթյունի հետևանքով: Ժամանակ է պետք, որ մարդիկ ուշքի գան: Ինքս չորս անչափահաս զավակ ունեմ, դեռ դպրոցներում չեմ տեղավորել: Դա կանեմ մշտական կացարան գտնելուց հետո»:

Մարի Պետրոսյանը աշակերտների հետ
Մարի Պետրոսյանը աշակերտների հետ

Ի դեպ, Արցախից տեղահանված դպրոցականները հայաստանյան դպրոցներ ընդունվելու համար կարող են դիմել տվյալ մարզպետարանի կրթության վարչություն, համայնքապետարան կամ մոտակա դպրոց։ Արցախից տեղահանված այն դպրոցականները, որոնք իրենց հետ չեն վերցրել որևէ փաստաթուղթ, կարող են դիմել դպրոց, և ընդունելությունը, միևնույն է, կկազմակերպվի առանց խոչընդոտի. հավաստիացնում են պատասխանատուները։

Վերադառնալով ուսուցիչներին. օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց` Արցախից շուրջ 1500 տեղահանված ուսուցիչ ունենք: Նախարարությունը հայտարարել է, որ հավաքագրում է արցախցի ուսուցիչների տվյալներ:

ԿԳՄՍ տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը Usanogh.am-ին հայտնեց, որ ուսուցիչների համար աջակցության տարբեր ծրագրեր են լինելու. «Արցախցի ուսուցիչները, եթե ունեն մասնագիտական կրթություն, անկախ աջակցության որևէ ծրագրից` թափուր տեղերի մրցույթներին կարող են մասնակցել և համալրել դրանք: Գիտեք, որ թափուր տեղեր շատ կան, և արցախցի ուսուցիչները միշտ կարող են մասնակցել մրցույթներին: Իսկ տվյալները հավաքագրում ենք, որպեսզի արվեն որոշակի վերլուծություններ, հասկանանք` ի՞նչ մասնագետներ են եկել մեզ մոտ, որո՞նք են իրենց տեղակայման վայրերը այս պահի դրությամբ, և, ըստ անհրաժեշտության, վերապատրաստման որոշակի ծրագրեր իրականացնենք, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն դպրոցներ մտնելիս»:

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սաներով։ Սահմանը հատած յուրաքանչյուր երրորդ քաղաքացի անչափահաս է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս հայտնեց, որ Հայաստանի կրթական համակարգը պատրաստ է ընդունել տեղահանվածներին։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատեց` անհարմար պահի եղավ արցախցի ուսուցիչների հոսքը Հայաստան, քանի որ օգոտոսին արդեն իսկ հայտարարվել էր դպրոցներում ուսուցիչների` մեծ թվով թափուր տեղերի մասին, և դրանք ինչ-որ չափով համալրվել էին. «Ամեն դեպքում, հիմա էլ մեծ թվով թափուր տեղեր կան, և արցախցի շատ ուսուցիչներ, վստահ եմ, հնարավորություն կունենան աշխատանք գտնելու: Դրական հանգամանքն այն է, որ արցախցի ուսուցիչների մեծ հոսքով պայմանավորված` Հայաստանում կարող է վերջապես լուծվել ուսուցիչների` մեծ թվով թափուր տեղերի խնդիրը: Իհարկե, հեռավոր, սահմանամերձ գյուղերում, հնարավոր է` այդ խնդիրը կրկին չլուծվի: Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ ուսուցչին ուղղորդենք այնպիսի բնակավայր, որտեղ իր կարիքը կա: Չստացվի այնպես, որ նա, լինելով, ասենք, հայոց լեզվի մասնագետ, հաստատվի որևէ գյուղում, որտեղ տվյալ մասնագետի պակաս չկա, փոխարենը կա մաթեմատիկայի ուսուցչի պակաս: Այս բաշխումը պետք է խելամիտ արվի»:

Փորձագետը նշում է`այնուամենայնիվ, ընթացքում էլ հնարավոր կլինի ուսուցիչների տեղաշարժեր իրականացնել` ընտանիքներով հանդերձ. այս դեպքում պետք է արդեն մի քանի գերատեսչություններ համագործակցեն:

Սերոբ Խաչատրյանը, սակայն, խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ արցախցի ուսուցիչները վերջին տարիներին բավական կտրված են եղել հայաստանյան կրթական համակարգից, և տեղյակ չեն, օրինակ, նոր չափորոշիչների մասին. «Հարկավոր է արագ կերպով վերապատրատել նրանց, որպեսզի սահուն ինտեգրվեն պրոցեսին: Այնպես չէ, որ հայաստանցի ուսուցիչներն ամբողջովին յուրացրել են նոր չափորոշիչները, բայց նրանք գոնե ինչ-ինչ վերապատրաստումներ են անցել… Այնպես որ, որպեսզի մեր տեղահանված հայրենակիցներն իրենց լիարժեք զգան, նախարարությունը պարտադիր պետք է հանձն առնի վերապատրաստումների գործը»:

Նոր դասագրքերի հարցը ևս խնդրահարույց է արցախցի ուսուցիչների համար: Նրանց որոշակի ժամանակ է պետք դրանց ծանոթանալու, նոր ծրագիրը սերտելու համար:

Հավելենք, որ Ժաննա Անդրեասյանի խոսքով` դպրոցները, որոնք լրացուցիչ դասագրքեր ունեն, կարող են դրանք տրամադրել այլ դպրոցների, որոնք դասագրքերի պակաս ունեն։ Հնարավոր է՝ թողարկվի նաև դասագրքերի լրացուցիչ խմբաքանակ։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ