ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է արցախցի ուսուցիչների տվյալները

Արցախից տեղահանվածները Գորիսում

ԼՂ-ից մեզ մոտ գտնվող սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ secretariat@escs.am, որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։