ԳլխավորԼուր

Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Գոռ Սահակյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի 19-ամյա անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 140, ապա 145 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը, որի համար Սահակյանը 147 էր պատվիրել և կարող էր ռեկորդ սահմանել, հայ ծանրորդը չի կարողացել հաջող կատարել: Հրում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահել է 170 և 175 կշռող ծանրաձողերն ու անհասանելի դարձել մրցակիցների համար: Երրորդ մոտեցումից Գոռը հրաժարվել է:

Ծանրամարտիկ Գոռ Սահակյան, Եվրոպայի չեմպիոն

Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրիմանը՝ 301 կգ արդյունքով:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:

Ապրիլի 18-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա միայն Անուշ Արշակյանը՝ հանդես գալով կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների կարգում: Մրցումների մեկնարկը 11:30-ին է:

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են տասը մարզիկներ՝ Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Կանանց հավաքականում ընդգրկվել են Իզաբելլա Յայլյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը, Էմմա Պողոսյանը (76 կգ), Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 15-ին և կտևի մինչև ամսի 23-ը։