ԳլխավորԼուր

Դպրոցների մարզադահլիճները չեն նորոգվում և ջեռուցվում, չունեն գույք, հանդերձարաններ. մասնագետի ահազանգը

Քրիստինե Քեշիշյան

Վերջերս ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի ոչ պատշաճ անցկացման պատճառով սովորողների մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս:

«Դպրոցը կա՛մ չունի համապատասխան մարզադահլիճ, կա՛մ էլ առարկան երբեմն դասացուցակի մեջտեղում է, և որպեսզի երեխաները ժամանակ չկորցնեն ֆիզկուլտուրայի ժամանակ սպորտային հագուստ փոխվելու համար, երբեմն այդ առարկան պարզապես չեն անում»,- ասաց նախարարը։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դոցենտ, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Քրիստինե  Քեշիշյանը Usanogh.am-ի հետ զրույցում շեշտեց` հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի ոչ պատշաճ կազմակերպման խնդիրը նոր չէ, իսկ գլխավոր պատճառներից մեկն այն է, որ դպրոցներն ապահոված չեն առարկայական չափորոշչից բխող համապատասխան մարզական գույքով.

«Դպրոցների մարզադահլիճներից շատերը  վերանորոգրված չեն, մաքուր չեն, չեն օդափոխվում, ունեն լուսավորության, ջեռուցման  խնդիր: Օրինակ` մարմնամարզությանը, ատլետիկային առնչվող մի շարք վարժություններ հնարավոր չէ կատարել հենց այս խնդիրների պատճառով: Այս ամենը հանգեցրեց նրան, որ երեխաների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ կորավ»:

Հանրակրթական դպրոցների համար նախատեսված սանիտարական կանոնների 6.3 կետի համաձայն՝ դպրոցի շենքը պետք է ունենա ուսումնամարզական սենյակ կամ սենյակներ: Սակայն ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան մարզադահլիճներ: Դպրոցներից շատերն էլ ոչ թե տիպային են, այլ հարմարեցված: 1988-ի երկրաշարժից հետո դպրոցների վերակառուցման նախագծերը կազմելու ժամանակ  հաճախ նախագծերից հանվել են մարզադահլիճը և հանդիսությունների սրահը։ Այսինքն` տիպային նախագիծը եղել է, բայց առանց մարզադահլիճի և հանդիսությունների սրահի, քանի որ դրանք ծախսատար են:

«Դպրոցներից շատերը չունեն հանդերձարաններ. սա ևս լուրջ խնդիր է: Հատկապես մարզային դպրոցներում ձմռանը ֆիզկուլտուրա առարկան անցնում են դասարաններում, ինչը հանգեցնում է հիպոդինամիայի, սովորողների մոտ ի հայտ են գալիս ողնաշարային, պարանոցային մի շարք խնդիրներ, քաշի ավելացում»,- նշում է Քրիստինե Քեշիշյանը:

Ի դեպ, Ժաննա Անդրեասյանի խոսքով`  նոր չափորոշիչներով պարտադիր է «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ճամբարին մասնակցելը, իսկ դրա համար պարտադիր է առողջական վիճակի ուսումնասիրությունը: