Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարաօլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարաօլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։
Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարաօլիմպիական ջահը, որով տրվել է խաղերի մեկնարկը, ապա տեղի է նաև դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը եղել է պարածանրորդ Գրետա Վարդանյանը:
Խաղերի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միջազգային Պարաօլիմպիական կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսը։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում անցկացվող Պարաօլիմպիական խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ ունի: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային պարաօլիմպիական հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Սարգիս Ստեփանյանը. նրա մրցելույթը նախատեսված է օգոստոսի 30-ին: Հաջորդիվ՝ սեպտեմբերի 4-ին, մրցապայքարը կսկսի Սմբատ Կարապետյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Գրետա Վարդանյանը:
2024 թվականի Պարաօլիմպիական խաղերում 4400 պարաատլետ կմրցի 20 մարզաձևում։ 11 մրցութային օրերի ընթացքում նրանք կպայքարեն մեդալների 549 հավաքածուի համար։