ԳլխավորԼուր

Մանկավարժականում քննարկվել է բուհերի միավորման հարցը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 19-ին կայացավ բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը, հայտնում են բուհի լրատվականից։ Օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Նիստին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։

Բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու և հանրային հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ լիազոր մարմնի մեկնաբանությունները, մոտեցումները, կարծիքներն ու առաջարկները ներկայացնելու համար։

Կարեն Թռչունյանը նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։

Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղություններով և միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։

Փոխնախարարը լիազոր մարմնի անունից վերահաստատեց՝ մանկավարժությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն․ շատ կարևոր է այդ ոլորտում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ բուհ։

Կարեն Թռչունյանը համեմատական վերլուծությամբ ներկայացրեց բուհերի վարկանիշավորման, դիմորդների քանակի, գիտաչափական շտեմարաններում տպագրված հոդվածների և այլ չափանիշների վերաբերյալ տվյալներ, նշեց դրանցում Մանկավարժական համալսարանի ներգրավվածությունն ու տեղը, որը շահեկանորեն տարբերվում էր խնդրո առարկա մյուս բուհերից։

«Անթույլատրելի եմ համարում 100-ամյա բուհի, ուսուցիչներ կրթող հաստատության, հանրակրթության ոլորտները սպասարկող համալսարանի հասցեին հնչող նման որակումներն ու գնահատականները»,-նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու իր մտահոգությունն արտահայտեց միավորման հարցի շուրջ ձևավորված հանրային կարծիքի վերաբերյալ և ավելի առողջ ու կառուցողական դաշտում մասնագիտական քննարկումները շարունակելու համար կոչ արեց հրապարակային վիրավորանքներ հնչեցրած անձնանց հրապարակային ներողություն խնդրել։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց նաև․ «Բուհական փոփոխություններին զուգընթաց, նախատեսվում է նաև ֆինանսավորման ձևաչափի փոփոխություն, ընդուպ՝ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում։ Մենք պետք է հետևողական լինենք պատկերացնելու՝ ինչ է նշանակում այս փոփոխությունն ամբողջականության մեջ»:

Գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղեցին բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։

Դրանք վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և այլ հարցերի։

Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգությունները, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։

Գիտական խորհուրդը ընդունեց որոշում, որի համաձայն՝ բուհը, հավատարիմ իր առաքելությանը, որդեգրած սկզբունքներին, հարգելով իր և գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների իրավունքները, պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ միավորման գործընթացին՝ ի շահ ՀՀ մասնագիտական կրթության, կրթության որակի ապահովման և մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։