ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին, հայտնում են նախարարությունից։
Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման ու նախնական փորձառության ձևավորման լսարան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաներին, որոնք հիմնվել են ծրագրի շրջանակում և ամբողջովին արդիականացվում են: Լաբորատոր սարքավորումներով համալրման գործընթացը շարունակվում է. ծրագրի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի:
Ժաննա Անդրեասյանն իրականացված աշխատանքներն ու նոր ստեղծվող ենթակառուցվածքները կարևոր նախադրյալ է համարել որակյալ կրթության կազմակերպման առումով:
Նախարարը կարևորել է ծրագիրը՝ շեշտելով, որ ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվի արդյունավետ մասնագիտական կրթություն, իսկ գործող ուսուցիչների համար այստեղ կարող են վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել: Ստեղծված պայմանների շնորհիվ ուսանողները և վերապատրաստման դասընթացների մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև ուսումնակրթական մասի բովանդակային մշակման անհրաժեշտությունը:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա նաև արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։ ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի ընթացքում կենտրոնում հնարավորություն կունենան իրականացնել հետազոտություններ՝ հետադարձ կապի հիման վրա առաջարկելով նոր ուսումնամեթոդական ռեսուրսներ։
Լաբորատորիաներն անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, սարք-սարքավորումներով հագեցնելու գործընթացն իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված պայմանագրով: Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը:
Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնը միտված կլինի ներկա ու ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։