ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորն անդրադարձել է բուհերի միավորման խնդրին

Ֆիզկուլտինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նույնպես որոշակիորեն անակնկալի են եկել մարզական մայր բուհի, Բրյուսովի ինստիտուտի եւ Մանկավարժական համալսարանի միավորման որոշման նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելուց:

Aravot.am-ը այս առիթով զրուցել է ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ:

-Պարոն Խիթարյան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դեռ երկու ամիս առաջ ինքը ձեր եւ միավորման ենթակա մյուս երկու բուհերի ռեկտորների հետ քննարկել է այս նախագիծը եւ նախնական բանավոր համաձայնություն է ստացել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Երկու ամիս առաջ նախարարի հետ հանդիպում եղել է, եւ նախարարն այդ պրոյեկտի ընդհանուր գաղափարների շուրջ կիսվել է: Բնականաբար, մենք ցանկություն հայտնեցինք ծանոթանալ ճանապարհային քարտեզին, մեխանիզմներին, ժամկետներին, իրավական ակտերին: Այդ ժամանակ նախարարն ասաց, որ դա գաղափարի մակարդակում է եւ երբ նախագիծը կլինի՝ անպայման կուղարկի քննարկման: Ու մինչեւ հիմա ոչ մի նախագիծ չենք ստացել: Իսկ Բրյուսովի այդ օրվա միջադեպը մի տեսակ անակնկալ էր այն առումով, որ պրոցեսն արագացավ:

…Եթե պետական բուհերի մեջ կան կրթական ծրագրեր, որոնք խնդրահարույց են, այսինքն, պետպատվերի տեղերը թափուր են մնում, այո, պետությունն իրավունք ունի մոնիթորինգի արդյունքում այդ տեղերը տալ այն բուհին, որն ավելի լավ կրթություն է տալիս: Ֆիզկուլտ-Բրյուսով-մանկավարժական արհեստական տրամաբանության դեմ շատ հակափաստարկներ կարելի է բերել: Եթե չոր խնդիր է դրված բուհում ուսանողների ինչ-որ թիվ ապահովել, թող Երեւանի պետական համալսարանը դառնա Հայաստանի պետական համալսարան, մնացած բուհերը փակվեն, ու կունենանք 30 հազար ուսանող ունեցող մի բուհ:

Ուսանողն ընտրություն կատարելու իրավունք ունի: Պետք է խստանան կրթության որակի նկատմամբ պահանջները եւ անել ամեն ինչ, որպեսզի բուհերը ոտքի կանգնեն: Պետք է մոնիթորինգ արվեր, թե ինչ խնդիրներ կան բուհերում, դրանք հնարավո՞ր է լուծել, թե՞ ոչ, վերջին տարիներին բուհերն առաջընթաց գրանցո՞ւմ են արդյոք, դիմորդների պակաս ունե՞ն, թե չէ: Մեր ինստիտուտում վերջին երեք տարվա դիմորդների քանակը առկայում գերազանցում է վերջին 12 տարվա ընդունվածների թվին, իսկ հեռակայում՝ վերջին 5 տարվա:

Այսինքն, մեր բուհի զարգանալու հստակ տենդենց կա: Ու միանշանակ տեսանելի է, որ մենք ինքնուրույն, ինքնաֆինանսավորմամբ եւ մեր գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում ինչ հաջողություններ ենք արձանագրում, թե պայմանների բարելավման, թե նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների ձեռքբերման ու մնացած բոլոր ոլորտների մեջ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։