ԳլխավորԼուր

Եթե պայմանները լավը լինեն, տարբերություն չկա` Երևանում կլինենք, թե Աշտարակում. Թատերականի ռեկտոր

Ռեկտորները՝ ԿԳՄՍՆ-ում

Usanogh.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:

Այս անգամ Usanogh.am-ը զրուցեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ: Նա նշեց, որ մինչև հայեցակարգի մշակումը դեռ պետք է խորապես ուսումնասիրի միջազգային փորձը և խորհրդակցի փորձագետների հետ.

«Ակնկալում եմ նաև համագործակցություն մյուս բուհերի հետ։ Մեր պարագայում թերևս խոսքն արվեստի բնագավառի բուհերի մասին է: Պետք է խումբ հավաքել, մեթոդաբանություն մշակել: Այս պարագայում միանձնյա որոշումներ լինել չեն կարող»:

Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները։ Դրանցից 4-ի՝ տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական բնագավառների բուհերի տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում:

Թատերական ինստիտուտի ռեկտորից հետաքրքրվեցինք` արդյոք կո՞ղմ է բուհերի խոշորացմանը, դրանք Ակադեմիական քաղաք տանելու ծրագրին. «Եթե պայմանները լավը լինեն, տարբերություն չեմ տեսնում` Երևանում կլինենք, թե Աշտարակում: Պարզապես պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ, ֆունկցիոնալ դահլիճներ, բայց այս պահին չկա կոնկրետ հայեցակարգ, սխեմա: Երբ լինի կոնկրետ պատկեր` կխոսեմ մեր տեսլականի մասին»,-ասաց նա:

Ավելի վաղ ներկայացրել էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի տեսակետը բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման վերաբերյալ։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ