ԳլխավորԼուր

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները հետաձգվել են

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

Usanogh.am-ի տեղեկություններով՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի՝ մայիսի 5-ին նախատեսված ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվել են։

Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն հայտնել էր, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը, սակայն հիմնադիրների կողմից աջակցություն չի ստացել՝ ևս հինգ տարի ժամկետով վերընտրվելու համար։

Դրանից օրեր անց Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքի էջում տեղադրվել էր հայտարարություն, որով համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջ էր ներկայացվել ապահովել մայիսի 5-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը և հաստատել ընտրված անձին որպես ռեկտոր: Այդ առթիվ կազմակերպվել էր նաև ստորագրահավաք, որին մասնակցել էին ավելի քան 3000 ուսանողներ և դասախոսներ:

Արդեն մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի մասին համաձայնագրի նախագծին։

ՌԴ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնագիր ստորագրել ռուսական կառավարության անունից: