ԳլխավորԼուր

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայ–ռուսական համալսարանի մասին համաձայնագրի նախագծին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի մասին համաձայնագրի նախագծին։ Տեղեկությունը նշված է ՌԴ կառավարության իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Փաստաթղթում ամրագրված են համալսարանի անելիքները, այդ թվում՝ ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրահռչակման համար կրթական միջոցառումների անցկացում, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման կենտրոնի ստեղծում ու զարգացում, ռուսական կրթության ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացում, համաշխարհային հումանիտար և գիտատեխնիկական ոլորտներում ՀՀ-ում ՌԴ դերի և ազդեցության ուժեղացում և այլն։

Ընդգծվում է, որ համալսարանի շրջանավարտների ռուսերեն և հայերեն լեզուների իմացության մակարդակը պետք է բավարարի հաղորդակցման պահանջները և թույլ տա նրանց մասնագիտական գործունեություն ծավալել:

Փաստաթուղթը սահմանում է նաև համալսարան ընդունվելու կանոնները, համալսարանի միջազգային համագործակցությանը, ֆինանսավորմանն ու գնումների վերաբերող հարցերը։

ՌԴ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնագիր ստորագրել ռուսական կառավարության անունից:

Նշենք, որ ավելի վաղ Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքի էջում տեղադրվել էր հայտարարություն, որով համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջ էր ներկայացվել ապահովել մայիսի 5-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը և հաստատել ընտրված անձին որպես ռեկտոր: Այդ առթիվ կազմակերպվել էր նաև ստորագրահավաք, որին մասնակցել էր ավելի քան 3000 հոգի, այդ թվում` ուսանողներ և դասախոսներ:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ հայտնել էր, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը․

«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,-նշված էր ռեկտորի տարածած հայտարարության մեջ: