ԳլխավորԼուր

44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի

Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։

Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։

Ուսման վարձի միանվագ փոխհատուցում կտրամադրվի բուհերի վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են եղել բուհի ուսանողական համակազմում:

Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը։

Ընդհանուր առմամբ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։

2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ: