ԳլխավորԼուր

Բռնցքամարտի ԵԵԱ. Դավիթ Սիմոնյանը դարձել է չեմպիոն

Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյան

Երևանում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ է նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ տեղը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցումային վերջին օրը` մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: Եզրափակչում Սիմոնյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսարոյի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիրներ: 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը եզրափակչում մենամարտել է Բուլղարիան ներկայացնող Կոնստանտին Կոստովի հետ և 0:4 հաշվով պարտություն է կրել, իսկ Աղվան Ալեքսանյանը 80 կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում ուժերը չափել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Միրկո Սարչևիչի հետ և պարտվել է 1:3 հաշվով:

Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:

Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ:

Առաջնությունն անցկացվում էր Երևանում ապրիլի 25-ից մայիսի 3-ը: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 30 երկրի շուրջ 500 մարզիկներ: