ԳլխավորԼուր

«Զատիկ»-ի հետ կապված ահազանգերի հարցով  կզբաղվի Քննչական կոմիտեն.  նախարար

«Զատիկ» մանկատուն

«Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հետ կապված ահազանգերի հարցով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դիմել է  ՀՀ դատախազություն` մշտադիտարկող խմբի հայտնաբերած ենթադրյալ հանցագործությունների իսկությունը պարզելու և մեղավորներին գտնելու  համար: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ինքը` նախարարը:

«2018-ից մշտադիտարկում իրականացնող խումբը կա, այն ստեղծված է նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների, մասնավորապես` խնամքի կենտրոնների աշխատանքն ուսումնասիրելու համար: Առաջիկայում ՀՀ քննչական կոմիտեն կզբաղվի այդ հարցով, և պատկերը մեզ համար պարզ կլինի»,-ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը  խոսեց նաև խնամքի կենտրոնի հետ կապված հուսադրող փաստերի մասին. «Միայն 2022-ին «Զատիկ»կենտրոնում ծնողների և երեխաների  վերամիավորման 21 դեպք է գրանցվել: Մշտադիտարկող խմբի գործառույթը երեխաների շահը սպասարկելն է, բայց ես հանդիպել եմ խմբի անդամների հետ և իմ մտահոգությունն եմ հայտնել: Զեկույցի բովանդակության մեջ խնդրահարույց կետեր կային»,-նկատեց նախարարը:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմանը, թե արդյոք անարդյունավետ չէ՞ նմանատիպ կենտրոններում  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը,  և արդյոք դա չի ենթադրում մի հոգեվիճակ, որն էֆեկտիվ չէ հիմնական գործառույթները կատարելու տեսակետից, նախարարը պատասխանեց. «Մենք սահմանված կարգով ՊՈԱԿ-ների տնօրենների մրցույթներ իրականացնում ենք: Վերջին շրջանում էլ տարբեր ՊՈԱԿ-ներում մրցույթներ իրականացվել են, և այո´, ես էլ եմ համաձայն ձեր դիտարկմանը, բայց, օրինակ, Մ. Իզմիրլյանի անվան  մանկատանը տնօրենի չորս մրցույթ ենք ունեցել, թեկնածուներից ոչ ոք նվազագույն շեմը չի հաղթահարել: Մենք խնդիր ենք դրել ընտրել   այնպիսի տնօրենի,  որի կրթությունը, փորձը կհամապատասխանի մեր պահանջներին, քանի որ ՊՈԱԿ-ում կատարվողի վերջնական պատասխանատուն տնօրենն է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դիտորդներն ահազանգել էին «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հղի անչափահասից մինչև բռնության և ինքնավնասման բազմաթիվ փորձերի մասին։ Խնամքի հաստատություններում դիտորդական խումբը,  հրապարակել էր Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 2023 թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ հրատապ զեկույցը։ Դիտորդներն ահազանգել էին երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնությունների, նվաստացուցիչ վերաբերմունքի մասին  և պնդել, որ փակ հաստատության վարչակազմը դրանց ոչ միայն բավարար չի արձագանքում, այլև ապահովում է բոլոր այն նախադրյալները, որոնք խթանում են դեպքերի շարունակականությունը։

Usanogh.am-ը ներկայացրել էր Խնամքի հաստատություններում  դիտորդական խմբի անդամ Հայկ Մկրտչյանի տեսակետը. «Մեր ենթադրություններն արվել են, օրինակ, երեխաների խոսքի, մեր կողմից արված եզրահանգումների հիման վրա։ Հնարավոր չէ միայն դրա վրա հիմնվել։ Այս փուլում դեռ պետք է պարզել դրանց իսկությունը»,-ասել էր նա: