ԳլխավորԼուր

«Զատիկ»-ի հետ կապված ահազանգերից հետո քրեական վարույթ դեռ չկա, հրատապ լուծումներ՝ ևս

«Զատիկ» մանկատուն

ՀՀ դատախազությունն արդեն  Քննչական կոմիտեին է հանձնել «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հետ կապված ահազանգերի մասին փաստաթղթերը․ այս փուլում ապահովվում են անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ քրեական վարույթ նախաձեռնելու հետ կապված գործողություններ դեռ չկան։ Այս մասին Usanogh.am-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Օրերս  դիտորդներն ահազանգել էին «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնում բռնության և ինքնավնասման բազմաթիվ փորձերի մասին։ Խնամքի հաստատություններում դիտորդական խումբը հրապարակել էր Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 2023 թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ հրատապ զեկույցը։

Խնամքի հաստատություններում  դիտորդական խմբի անդամ Հայկ Մկրտչյանը Usanogh.amի հետ զրույցում նշում է՝ այն, որ մեղավորները պետք է պատժվեն, միանշանակ է, սակայն դրա համար անհրաժեշտ է իրավական գնահատական․ «Մեր ենթադրություններն արվել են, օրինակ, երեխաների խոսքի, մեր կողմից արված եզրահանգումների հիման վրա։ Հնարավոր չէ միայն դրա վրա հիմնվել։ Այս փուլում դեռ պետք է պարզել դրանց իսկությունը»։

Հայկ Մկրտչյանը շեշտում է՝ հարկավոր է  հրատապ լուծել կենտրոնը համապատասխան մասնագետներով՝ հոգեբաններով, սոցիալական աշխատողներով համալրելու հարցը, բացի այդ՝ պետք է համալրել կենտրոնում աշխատող մասնագետների, օրինակ՝ դաստիարակների թիմը․ «Բոլորը՝ տնօրենից մինչև պահակ պետք է  երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող կարողությունների զարգացման սեմինարներ անցնեն»։

Դիտորդական խմբի անդամը դրական է գնահատում այն հանգամանքը, որ զեկույցից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նկատել է շահագրգռվածություն՝ վեր հանված խնդիրներին արագ լուծումներ տալու առնչությամբ․ «Նախարարությունը ժամանակի կարիք ունի, որպեսզի հասկանա՝ ինչ է կատարվել։ Մենք 3-4 տասնյակ առաջարկություններ ենք ներկայացրել, այնպես որ, մենք էլ ենք սպասում լուծումների»։

Հիշեցնենք, որ դիտորդներն ահազանգել էին երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնությունների, նվաստացուցիչ վերաբերմունքի մասին  և պնդել, որ փակ հաստատության վարչակազմը դրանց ոչ միայն բավարար չի արձագանքում, այլև ապահովում է բոլոր այն նախադրյալները, որոնք խթանում են դեպքերի շարունակականությունը։