ԳլխավորԼուր

Բանտային օրենքներն ու կրիմինալ վարքը «Զատիկ»-ում պետք է վերացվեն պետության կողմից. փորձագետ

«Զատիկ» մանկատուն

Ինքնավնասման փորձեր, բռնության դեպքեր, անչափահասի հղիություն, իրավունքների ոտնահարում.  դիտորդական խումբը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մի շարք խախտումներ է արձանագրել: Դիտորդներն ահազանգում են  կենտրոնում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնությունների, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինքնասպանության փորձերի մասին և պնդում, որ փակ հաստատության վարչակազմը դրանց ոչ միայն բավարար չի արձագանքում, այլև ապահովում է բոլոր այն նախադրյալները, որոնք խթանում են դեպքերի շարունակականությունը։

Կրթության փորձագետ Աննա Գևորգյանը Usanogh.am-ի հետ զրույցում շեշտում է` խնդիր ունենք երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի հետ` ամենատարբեր մակարդակներում. «Սա նախ և առաջ ամենաթողության և անպատժելիության հետևանք է: Թե´ երեխան, թե´ մեծահասակը, օրինակ` պահակը կամ դայակը երբ բռնություն են կիրառել, իմացել են, որ իրենց արարքն անպատիժ է մնալու: Ահա այստեղ է, որ մենք պետք է լուրջ մտածենք: Ո՞ր օղակն է, որ իր ֆունկցիան չի կատարում: Խախտվում են երեխաների գրեթե բոլոր իրավունքները` կյանքի իրավունքը ներառյալ: Սա համակարգային լուրջ հարց է»:

Փորձագետի խոսքով` նախ պետք է հստակ գնահատական տալ բռնությանը, սահմանել` ինչն է բռնություն, ապա բռնության մասին խոսելու մշակույթ պետք է ձևավորել. «Ակնհայտ է, որ երեխաներից շատերը տեղյակ չեն իրենց իրավունքներից և իրավական մի շարք հարցեր լուծում են, այսպես ասած, բանտային օրենքներով, այսպես ասած, կրիմինալ վարք են ցուցաբերում:  Սա կրթական ցենզին առնչվող լուրջ խնդիր է: Իրականում այս ցավալի նախադեպը  նոր ուսումնասիրության սկիզբ պետք է դառնա  մասնագետների համար»:

Աննա Գևորգյանի խոսքով`ինչ վերաբերում է  մանկավարժներին, ապա նախ իրենք պետք է համապատասխան մասնագիտական որակներ ունենան, որպեսզի կարողանան ճիշտ իրազեկել երեխաներին. «Այլապես ասում են, օրինակ` սեռական կրթության մասին իրենք մեզնից լավ գիտեն…Ամենավատն այն է, որ սեռական կրթություն ասելով տվյալ մանկավարժը, վստահ եմ, նկատի է ունեցել սեռական ակտին վերաբերող տեղեկությունները… Չկա սեռական գրագետ դաստիարակություն, ուստի ցավալի հետևանքներն անխուսափելի են»:

Կրթության փորձագետը առաջարկում է ԿԳՄՍ նախարարության կողմից լուրջ վերահսկողություն սահմանել կենտրոնում, ընդ որում` ոչ միայն դիտորդական խմբերի, այլև  անձերի  մակարդակով. «Նախարարությունը` որպես լիազոր մարմին, պետք է հասկանա` ինչպես է գործում համակարգը, և ինչպես է հարկավոր բարելավել իրավիճակը: Այլապես կենտրոնի տնօրենի այն դիտարկումը, թե իրենց ոստիկաններ են հարկավոր, քանի որ  «երեխաները նրանց համազգեստի տեսքից իրենց ձիգ են պահում», մեղմ ասած, անարդյունավետ տարբերակ է: Ժամանակին  ավագ դպրոցների պարագայում նման փորձ կիրառելու  առաջարկ եղել է, սակայն հետո հասկացան, որ դա չաշխատող մեթոդ է»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեւավորված աշխատանքային խմբի դիտարկմամբ` կենտրոնում խնամք են ստանում եւ՛ հաշմանդամություն ունեցող երեխաներ, եւ՛ հնարավոր բռնության ենթարկված երեխաներ, եւ՛ հոգեբանական բռնության հնարավոր զոհ դարձած երեխաներ, ինչը համահունչ է կենտրոնի կանոնադրական նպատակներին։ Աշխատանքային խմբի անդամները զրուցել են երեխաների հետ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, որոնք զրույցի ընթացքում հայտնել են մյուս սաների կողմից իրենց նկատմամբ բռնության բոլոր տեսակների բացակայության մասին։

Այնուամենայնիվ, աշխատանքային խմբի կողմից ՊՈԱԿ-ին տրվել են համապատասխան ցուցումներ, այդ թվում՝ երեխաների միջանձնային հարաբերություններում հնարավոր ռիսկերը կանխարգելելու նպատակով։ ՊՈԱԿ-ի աշխատակազմը, ըստ անհրաժեշտության, իրականացրել եւ շարունակում է համագործակցությունն իրավապահ մարմինների հետ։ Աշխատանքային խմբի կողմից տրվել է անհրաժեշտ ցուցում՝ համապատասխան փաստաթղթավորումը բոլոր դեպքերի համար ապահովելու եւ առավելագույնս հետեւողական լինելու վերաբերյալ։