ԳլխավորԼուր

«Կոմիտասյան բառերը հաճախակի կիրառեք». Ժաննա Անդրեասյանը՝ երեխաներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ երեխաների մասնակցությամբ անցկացվել են «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումները:

«Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարել են բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով, իսկ «Բուսաբարև» կրթական ծրագրի շնորհիվ երեխաները բացահայտել են Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործել կոմիտասյան բառերով:

Նախարարը կոչ է արել երեխաներին նոր սովորած բառերը հաճախակի կիրառել և տարածել հասակակիցների շրջանում: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ ինչ նախասիրություններ ունեն երեխաները, ինչ հագեցվածությամբ են անցկացնելու ամառային արձակուրդը, ինչպես են պատկերացնում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:

Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև դասագրքերի բեռնաթափման հարցին. «Հանրակրթական նոր չափորոշչով դասագրքերի փոփոխությունն ընթացքի մեջ է: Դիտարկվում են դրանց էլեկտրոնային և հիբրիդային տարբերակները՝ նպատակ ունենալով կրճատել ծավալը: Դասագրքի թղթային տարբերակին պետք է լրացնի էլեկտրոնայինը, որը, շնորհիվ թվային գործիքների կիրառման, կնպաստի կրթության որակի բարձրացմանը, և միաժամանակ կթեթևանա պայուսակի բեռը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ նոր նախագծվող և կառուցվող դպրոցներում նախատեսված է դպրոցական գրադարանները վերածել ռեսուրս կենտրոնների:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև թանգարանի հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններին: