ԳլխավորԽճանկար

Երբ քեզ համար ցավոտ է լինում, դրանից հետո գալիս է հաջողությունը. Սոֆի Դևոյան

Սոֆի Դևոյան - կրտսեր

Usanogh.am-ը պարուհի Սոֆի Դևոյան — կրտսերի հետ զրուցել է պարարվեստի բնագավառում գործունեության, սոցցանցերում ակտիվության, իր տատիկի` Սոֆի Դևոյանի և մայրիկի` Զարուհի Բաբայանի հետ սերունդների երկխոսության ու անձնական կյանքի մասին:

-Սոֆի´, որքանով նկատել ենք, վերջին շրջանում ձեր ողջ ուժերը կենտրոնացրել եք հենց պարարվեստի վրա: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո, հիմա ամբողջ եռանդս պարարվեստի մեջ եմ դրել: Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնը» մեկ տասնյակից ավելի մասնաճյուղեր ունի, այդ թվում` Մոսկվայում: Մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք դրանց ուղղությամբ, ամեն բան անում ենք, որ նոր ծրագրեր, բեմադրություններ, համերգներ ունենանք, որ երեխաները հնարավորինս շատ շփվեն հայկական արվեստի հետ, և մենք էլ մեր ավանդն ունենանք այդ գործում:

-Դուք նաև զբաղվել եք ոճաբանությամբ, հիմա դա ինչպե՞ս է արտահայտվում ձեր կենսակերպի վրա:

-Այո, ես ունեմ հագուստի իմ բրենդը: Առհասարակ, աշխատում եմ հագնվել այնպես, որ ինքս ինձ կողքից նայեմ ու ասեմ` այս անգամ ավելի կրեատիվ և ուրիշ էի: Փորձում եմ ամեն անգամ նոր ոճերում հանդես գալ. կարծես թե ստացվում է:

-Սովորել եք Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում: Ի՞նչ եք կարծում` մոսկովյան ուսանողական կյանքը շա՞տ է տարբերվում երևանյանից:

-Իրականում`շատ: Նախ` բավական բարդ է, երբ այնտեղ դու մենակ ես, ոչ մի րոպե չես կարողանում թուլանալ, միտքդ հանգիստ թողնել: Պետք է պատրաստ լինես ցանկացած բնույթի դժվարության, բայց այնպես չէ, որ Երևանում դժվար չէ…

-Դուք այն հայտնիներից եք, որոնք ակտիվորեն օգտագործում են համացանցը. դա ձեզ համար ավելի շատ ձեր գործունեությունը ներկայացնելո՞ւ, թե՞ հայտնիություն ձեռք բերելու համար օգտագործվող հարթակ է:

-Երկուսն էլ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և առանց համացանցի հնարավոր չէ պատկերացնել կյանքը: Սոցցանցերը բավական հեշտացնում են քո գործունեությունը, շատ ավելի արագ դառնում ես լսելի և տեսանելի, դրանք քեզ բերում են նաև մեծ հայտնիություն: Այնպես, որ եթե աշխատանքդ սոցցանցերում անում ես լավ, բնականաբար, դրանք հեշտացնում են քո կյանքը:

-Դուք կարող եք, ասենք, «Տիկտոկի» համար 30 վայրկյանանոց տեսանյութ ստանալու համար մի քանի ժամ ծախսել: Ձեզնից շատ ժամանակ չի գնո՞ւմ:

-Այո, դրանք բավական շատ ժամանակ են ինձնից տանում, նույնիսկ լինում են պահեր, երբ հոգնում եմ այդ ամենից, մի քանի օրով հանգստանում եմ սոցցանցերից: Բայց եթե ուզում ես մի բանի հասնել ու դրա դիմաց ինչ-որ բան ստանալ, պետք է որոշ բաներ զոհաբերես: Դա նորմալ է, որովհետև երբ դրա պատասխանը ստանում ես, հասկանում ես, որ իզուր չես ուժ ու եռանդ ներդրել:

-Հանրությունը շատ է սիրում, երբ երեքով` տատիկը, մայրիկը և դուք միասին եք հանդես գալիս սոցցանցերում…

-Այո, մենք զգում ենք դա, և փորձում ենք ավելի շատ հոլովակներ միասին նկարել: Մեզ էլ է հաճելի երեքով ներկայանալ: Մեր օրերում միշտ չէ, որ կտեսնես նման եռյակների համացանցում:

Սոֆի Դևոյան-կրտսեր, Զարուհի Բաբայան, Սոֆի Դևոյան
Սոֆի Դևոյան-կրտսեր, Զարուհի Բաբայան, Սոֆի Դևոյան

-Կարելի՞ է ասել, որ դուք ծնվել եք և´ ավանդական արժեքների կրող, և´ ժամանակակից ընտանիքում:

-Հենց այդպես էլ կա: Ինչ աչք եմ բացել, ընտանիքումս տեսել եմ սերունդների երկխոսություն: Այդ յուրահատուկ կապը մեծ տեղ և դեր ունի իմ կյանքում:

-Սոֆի, մի ժամանակ ակտիվ կերպով խոսում էիք անձնականից, անգամ կիսվում էիք սիրելիի հետ լուսանկարներով: Իսկ հիմա՞:

-Հիմա անձնական թեման ինձ համար փակ է բոլոր առումներով:

-Այսինքն` չեք էլ ասի՞` ձեր սիրտը զբաղված է, թե ոչ:

-Իսկապես փակ է այդ թեման:

-Ինչո՞ւ, որովհետև կողքից շատ մեկնաբանություններ եղան, թե՞ ուղղակի կյանքի այս փուլում նախընտրում եք անձնականը փակ պահել:

-Կյանքում գալիս է մի շրջան, որ հասկանում ես` դա փակ թեմա է, պետք չի, որ մարդիկ անցնեն այդ գիծը:

-Այսինքն` աձնական կյանքը թողել եք երկրորդ պլանո՞ւմ, նշանդրեք, ամուսնություն չսպասե՞նք:

-Չեմ կարող այդպիսի բան ասել` առաջին պլանում է, թե երկրորդ…Բայց այս պահին պլաններումս չկա ամուսնություն, չնայած ես շատ անկանխատեսելի եմ, և ինչ-որ փուլում գուցե շատ հանկարծակի դա տեղի ունենա:

-Եվ վերջում` ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը:

-Այն պահին, երբ որոշեն ինչ-որ բան սկսել, և եթե հանկարծ դա չստացվի, ինչ-որ բան չգնա այնպես, ինչպես իրենք են նախատեսել, թող չհանձնվեն: Այն պահից, երբ նրանք որոշել են, որ պետք է գործեն, արդեն իսկ հաղթած են: Ուղղակի պետք է ավելի շատ ուժ ու եռանդ ներդնել աշխատանքի մեջ: Երբ քեզ համար ցավոտ է լինում, դրանից հետո է գալիս հաջողությունը: Իսկ երբ դու քո կոմֆորտ զոնայի մեջ ես, չես կարող հաջողության հասնել, պետք է դուրս գալ այդ զոնայից, պետք է քեզ մի քիչ նեղություն տաս, ու ամեն բան կստացվի:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ