ԳլխավորԽճանկար

Սիրում եմ սիրահարվել, բայց եթե սիրահարվեցի՝ վայը եկավ-տարավ. Իննա Խոջամիրյան

Իննա Խոջամիրյան

Usanogh.am-ը դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ զրուցել է թատրոն վերադառնալու, նոր նախագծում որպես պրոդյուսեր ներկայանալու, դերասան և պրոդյուսեր Գոշ Հակոբյանի հետ սիրավեպի և այլ թեմաների շուրջ:

-Իննա, դուք լոռեցի եք, համաձա՞յն եք, որ դա ինչ-որ առումով «ախտորոշում է»: Եվ ի՞նչ էր ձեզ համար նշանակում հանդես գալ «Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալում, որը նկարահանվել է Լոռվա Քարինջ գյուղում:

-Շատ լավ բան եք ասում՝ «ախտորոշում», Լոռին իմ թիվ մեկ սերն է, որը ոչ մի բանի հետ չեմ փոխի: Երազում եմ մի քիչ ժամանակ ունենալ և գնալ Լոռի, մի ամիս անցկացնել այնտեղ. դրա կարիքն իսկապես ունեմ: Ինչ վերաբերում է Քարինջին, այդ գյուղի հետ ուրիշ թելերով եմ կապված. այնտեղ ժամանակին նկարահանվել է «Աշնան արևը»: Ես այդ տրամադրվածությամբ էի գնացել Քարինջ, և այնտեղ ինձ համար այնքա՜ն հոգեհարազատ բաներ գտա: Մենք «Աշնան արևի» տնակում քննարկում էինք, թե ինչ մեծություններ են այնտեղ եղել: Երևի թե մի օր էլ մեր թոռները մեր եղած տեղերի մասին այդպես կասեն…

-Բայց, ամեն դեպքում, Երևան գալը բեկումնային եղավ Ձեր կյանքում, հատկապես՝ ուսանողական տարիներից ձևավորվեց այն Իննան, որին հիմա ճանաչում ենք: Սովորել եք ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետում: Ինչպիսի՞ն էին Ձեր ուսանողական տարիները:

-Ես չեմ եղել այն մարդկանցից, որոնք ձգտել են մեծ քաղաքում ապրել, ու թեև Երևանի հետ հոգեպես կապված չեմ եղել, այն ժամանակի ընթացքում, իհարկե, դարձավ «կենսակերպ»: Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել, թե մեծերն ինչու են իրենց ուսանողական տարիներն այդքան վառ հիշում: Մտածել եմ՝ ախր կյանքն այնքա՜ն գունավոր է, ինչո՞ւ են հենց այդ դրվագները հիշում: Բայց հիմա շատ լավ եմ հասկանում նրանց: Եվ չնայած սերունդներն անընդհատ փոխվում են, ուսանողական տարիները միշտ էլ բոլորի հուշերում նույնքան վառ են մնալու: Երբ ուսանող ես՝ քեզ թվում է՝ ամենազբաղվածն ես, բայց չես հասկանում, որ կյանքի ողջ ծանրությունը հետո է գալու: Շատ եմ կարոտում իմ ուսանողական տարիները: Փոքրիկ ներքին երազանք ունեմ՝ օրերից մի օր վերադառնալ հոգեբանությանը. այն իմ ճակատագիրն է: Դերասանուհի եմ մասնագիտությամբ, բայց հոգեբանությունը հենց ես եմ, դրանով եմ ապրում, նույնիսկ՝ հիվանդագին կերպով:

-Ֆիլմերից, սերիալներից, որտեղ նկարահանվել եք, ո՞րը այցեքարտ դարձավ ձեզ համար:

-Իհարկե, այցեքարտս «Էլենի օրագիրն» էր: Առհասարակ, իմ և սցենարիստ Անի Մաղաքյանի միջև մի հետաքրքիր քիմիա կա, մենք միմյանց համար թալիսմանի դեր ենք կատարում. այն սցենարը, որը գրում է Անին, և որի հերոսուհուն մարմնավորում եմ ես, անպայման հաջողություններ է գրանցում:

Իննա Խոջամիրյան
Իննա Խոջամիրյան

-Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ֆիլմերում միշտ գլխավոր դերեր եք խաղում:

-Մի կարևոր բան կա՝ այն նախագծերում, որոնց արտադրության հետ ես կապ չեմ ունեցել, որպես հերոսուհի ընտրվել եմ ես, ինչի համար անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք վստահել են ինձ: Բայց, օրինակ, «Հոթել Գրանդի» պարագայում, որը վերջերս որպես պրոդյուսեր իրականացրեցի ես, պատկերն այլ է. այնտեղ որպես դերասանուհի, առհասարակ, ընդգրկված չեմ: Ես դա հատուկ եմ արել:

-Գյումրու պետական դրամատիկական թատրոնում «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ խաղալուց հետո որոշակի դադար վերցրեցիք: Հիմա արդեն ձեզ կարող ենք տեսնել «Հարսանեկան Ping Pong» ներկայացման մեջ: Ի՞նչ էր նշանակում վերադարձը թատրոն:

-Թատրոնն իմ տարերքն է, այնտեղ ես անընդհատ փորձում եմ ավելին անել: «Հարսանեկան Ping Pong»-ում ներկայանալու առաջարկն ինձ համար բացառիկ էր: Բեմադրիչ Արշալույս Հարությունյանն էլ իր ժամանակի մեջ լավագույններից է: Կարծում եմ՝ այս ներկայացումը ձեռքբերում է ոչ միայն ինձ, այլև բոլոր ընդգրկվածների համար: Ուզում եմ՝ մեծ հաջողություններ ունենանք, ու դրանք վերջինը չլինեն:

-Դուք այն արտիստներից եք, որոնք բավական մեծ լսարան ունեն սոցցանցերում: Սա ձեզ համար նպատա՞կ էր, թե՞ ինքնաբերաբար այդպես եղավ:

-Ամեն անգամ, գիտակցելով, որ մեծ լսարան ունեմ, նորովի եմ զարմանում. զգացողություն, որ դա պիտի ունենայի, որ արժանի էի դրան, երբեք չեմ ունեցել: Եթե մեծ լսարան ունենալու փաստը չօգտագործեմ որպես մոտիվացիա, հեշտորեն կլճանամ: Մեծ լսարան վայելում են մարդիկ, որոնք ամենաշատը սիրո կարիք ունեն: Այն սերը, որ ստանում եմ լսարանից, բավարարում է ինձ ինքնաբավ լինելու համար:

-Իսկ օնլայն տիրույթում Ձեր անձի վերաբերյալ արվող մեկնաբանություններին հետևո՞ւմ եք: Ինչպե՞ս եք վերաբերվում հատկապես բացասական մեկնաբանություններին:

-Կյանքի որոշ փուլերում հետևում եմ մեկնաբանություններին, որոշ փուլերում՝ ոչ: Հասկանում եմ, որ խոսքի ազատություն է, և կարող են հնչել տարատեսակ կարծիքներ, փորձում եմ առողջ նայել դրանց: Միակ բանը, որ անհանգստացնում է ինձ, մարդու առողջական վիճակի մասին տարածվող սխալ լուրն է կամ նրան դժբախտ պատահարների վերագրումը: Արդեն հարմարվել եմ, որ ում հետ ասես՝ կկապեն ինձ, ումից ասես՝ կբաժանեն, ինձ կփնովեն, կսիրեն ու կատեն: Բայց եղել են դեպքեր, երբ լուրեր են տարածվել, թե իբր վրաերթի եմ ենթարկվել, առողջական ծանր վիճակում եմ: Այդ պահին ծնողներս կարդացել են լուրերը, փորձել են ինձ հետ կապ հաստատել, չի ստացվել, և քաոտիկ իրավիճակ է ստեղծվել: Սա արդեն չեմ կարողանում հասկանալ:

-Իննա, ավելի վաղ հաղորդումներից մեկի շրջանակում ասել էիք, որ այլևս չեք ցանկանում հանրայնացնել Ձեր անձնական կյանքը: Վերջերս, սակայն, Գոշ Հակոբյանը տեղադրեց համատեղ լուսանկար, որը հաստատում է ձեր սիրավեպի մասին լուրերը: Ինչպե՞ս թողեցիք, որ դա պատահի:

-Ես չեմ կարող սահմանափակել մարդու որոշումները, իմ որոշումները նույնիսկ ամենամտերիմ մարդու վզին չեմ փաթաթում: Հրապարակումն արել է Գոշը, իսկ ես փորձում եմ հասարակությունից զերծ պահել այդ ամենը: Կուզեմ կիսել իմ ուրախությունն այն մարդկանց հետ, որոնք ի սրտե ուրախանում են իմ ուրախությամբ, բայց երևի թե ամեն բան ունի իր ճիշտ ժամանակը:

Իննա Խոջամիրյան, Գոշ Հակոբյան
Իննա Խոջամիրյան, Գոշ Հակոբյան

-Հիմա Գոշի հետ ամեն բան լա՞վ է:

-Մի շատ կարևոր բան կա՝ մենք բոլորս սովոր ենք ապրել ապագայի համար: Բայց փորձը ցույց տվեց, որ չգիտես՝ վաղը կգա, թե ոչ: Շատ եմ աշխատում, որ ապրեմ այսօրվա օրով: Չեմ ուզում ասել՝ մենք միասին ենք-միասին չենք…Սա այն միակ հարցն է, որ թողել եմ իմ հայեցողությանը, իսկ ասեկոսեներ որքան ուզում են՝ թող պտտվեն:

-Ո՞ւմ եք շնորհակալ կյանքի այս փուլում:

-Ճակատագրին. որքան էլ սխալվես՝ ճակատագիրը քեզ համար պահած ճանապարհ ունի, և փորձում է ամեն կերպ բերել-դնել քեզ այդ ճանապարհի վրա: Այլ հարց է՝ դու կհասկանա՞ս, կօգտվե՞ս դրանից, թե՞ ոչ:

-Աստծո հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

-Մենք էներգետիկ ուժեղ կապի մեջ ենք: Ես հավատում եմ այն մարդկանց, որոնք խոսում են գերբնական ուժերի հետ: Յուրաքանչյուրը տիեզերքի մի մասնիկն է, և եթե հավատում է, կարող է երկխոսության մեջ մտնել տիեզերքի հետ:

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Ես սիրում եմ սիրահարվել, բայց եթե սիրահարվեցի՝ վայը եկավ-տարավ. ցավոք, շատ նվիրվող եմ: Անձնական հարաբերությունների մեջ ալտրուիստ եմ: Շատ ավելի թեթև կլիներ, եթե պրագմատիկ լինեի, բայց ես այդ տեսակին չեմ պատկանում, չեմ ընտրում՝ ում սիրահարվել: Բայց իմ տեսակն իր առավելություններն ունի. որոշակի փուլում անկախ քեզնից կանգ ես առնում մի մարդու վրա, որն իր առաքելությունն ունի քո կյանքում: Երբ ժամանակը գալիս է, հասկանում ես՝ ինչ առաքելության մասին է խոսքը: Ոչ ոք հենց այնպես քո կյանք չի գալիս:

-Հեշտությա՞մբ եք ներում:

-Ներում եմ ամեն ինչ, եթե չներեմ՝ կչարանամ, եթե մարդը չարացավ՝ ընդունակ է ամենավտանգավորին: Իսկ եթե պատրաստ ես ամենավտանգավոր քայլին գնալու, միայն թե բավարարես չարությունդ, դա կարող է սկսել քեզ դուր գալ: Կարիք չկա կեղտոտելու կարմադ: Նույնիսկ եթե դժվար է՝ ավելի լավ է՝ ներես ու բաց թողնես:

-Եվ վերջում՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:

-Սովորել, քայլել ժամանակին համընթաց: Այսօր ինչ էլ սովորես, վաղը քիչ է թվալու, արթնանում ես, երեկվա իմացածդ այլևս չի բավարարում: Այնպես որ, չպետք է դադարել սովորել…

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ