ԳլխավորՄի կտոր գիրք

Անունդ մի երգ է դարձել, որ միայն ես եմ երգում… Արամայիս Սահակյան

Կին

Ներկայացնում ենք բանաստեղծ, երգիծաբան, «Ոզնի» պարբերականի երկարամյա ղեկավար Արամայիս Սահակյանի (24.05.1936-14.03.2013) ստեղծագործություններից։

***

Ո՛չ անուն եմ ուզում հզոր,
Ո՛չ էլ աշխա՛րհ համայն:
Ես ուզում եմ քեզ հետ այսօր
Կինո գնալ միայն:

Մեծ բարիքներ չեմ կամենում
Ու բարձր դիրք՝ երբեք:
Ես ուզում եմ, որ կինոյում
Իրար ձեռքից բռնենք:

Հետո քեզ տուն տանեմ հուզված,
Հպարտ ամեն ինչում:
Ու թե բախտս բերի հանկարծ՝
Քեզ համբուրեմ վերջում:

***

Ջահելության ճամփի վրա
Հանդիպում ես հանկարծ մեկին.
Քեզ գերում է տեսքը նրա,
Կամ գերում է նրա հոգին:
Միանգամից սիրտ ու աշխարհ
Դառնում են նոր, արտասովոր:
Եվ նա, ով դեռ չկար,
Ամբողջ կյանքդ է դառնում այսօր:

Հրդեհում են հոգիդ հանկարծ
Մի լուռ հայացք, ժպիտ մի տաք,
Մի ծաղկեփունջ քեզ ուղարկված,
Մի անձնվեր ու լավ արարք,
Հեռու-հեռվից գալը մեկի,
Ջերմ համբույրը մի բախտավոր,
Կամ թե մեկի ապրած կյանքի
Պատմությունը խորհրդավոր…

Թեթև քայլից հաճախ կյանքում
Սեր է ծնվում հարուստ և մեծ,
Որ դու անգամ չես հասկանում
Ինչպես եղավ ու պատահեց:
Աշխատում ես էլ չհիշել,
Բայց նորից ես հուշով տարվում,
Իսկ երբ հանկարծ մերժում է քեզ
Ավելի ես սիրահարվում…

Չես էլ կարծում, թե այս մեկին
Դու կարող ես նայել անգամ,
Բայց լինում է, որ միասին
Ու մեկտեղ եք անցնում ճամփան,
Կամ մեկի հետ ինչ-որ մի տեղ
Ինչ-որ խոսք եք փոխանակել,
Տարիներ են անցել արդեն,
Բայց դու նրան հիշում ես դեռ:

Մեկին իբր սիրահարված
Կատակելով սեր ես հայտնում,
Բայց կատակը կամաց-կամաց
Լրջություն է մի օր դառնում:
Կամ մեկի հետ վիճում ես դու,
Կռվում, խայթում անգթաբար,
Մինչդեռ հետո, հեռվից-հեռու,
Կարոտով եք հիշում իրար:

Շատ են խոսում մեկի մասին,
Եվ հուզվում ես դու գաղտնորեն,
Մեկն էլ նման քո երազին,
Ստիպում է նայես իրեն….
Մեկն օգնում է, գնում անդարձ,
Փնտրում ես նրան սիրով,
Եվ սիրում ես նաև հանկած
Ինչ-որ մեկին կարեկցալով….

Պատահում է չեք ճանաչում,
Բայց նայում եք հանկարծ իրար,
Եվ զգում եք, որ աշխարհում
Դուք ծնվել եք միմյանց համար:
Հաճախ երգը մեկտեղ լսած,
Կամ կատակը մի հասարակ,
Մի կարծիքը նրա հայտնած
Հրդեհում են սրտեր ու կրակ:

Կյանք է… Ձեռք է ձեռքի դիպել,
Կամ ակնարկ են արել սիրով,
Սիրվելուց է մեկը սիրել,
Մեկն էլ միայն նամակներով,
Եվ սիրում է մեկն էլ բոլոր
Հմայքներով նրա անմար…
Իսկ ես չեմ սիրում, չեմ սիրում խոր,
Բայց չգիտեմ ինչի համար…

***

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթե վթար պատահի հանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Եկեք մտածենք ապրելու մասին:

***

Անունդ աղոթք է դարձել,
Ամեն տառ` սրբազան երդում:
Անունդ մի երգ է դարձել,
Որ միայն ես եմ երգում:

Անունդ վախով եմ տալիս,
Մեն-մենակ շշնջում-շնչում,
Այնքան եմ անունդ տալիս,
Իմ անունն արդեն չեմ հիշում:

***

Շրջում էի ես երկար
Ձեր տան շուրջը կարոտով:
Դու պատշգամբ դուրս եկար
Քո տնային խալաթով:
Մի տնային պա՛րզ խալաթ:
Եվ տան բույր կար մտերմիկ:
Չէիր եղել դու մինչ այդ
Այսքան մոտ ու գեղեցիկ:
Սակայն ինչո՞ւ շիկնեցիր,
Շփոթվեցիր ամոթով
Եվ թողեցիր-գնացիր
Քո տնային խալաթով:

Իզուր: Մի՞թե չզգացիր,
Որ աշխարհի բազմերանգ
Մոդաներին հաղթեցիր
Այդ խալաթով հասարակ…

Ու երբ անցար-գնացիր,
Ինչպես քնքուշ, խաղաղ հով,
Հոգուս տանը մնացիր
Քո տնային խալաթով…

***

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
Դու ինձ համար երա՛զ մաքուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:

Կյանքում դու միշտ ուրախ մնա
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:

Հեռվի՛ց ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս…

***

Նայեմ աչքերիդ և ոչինչ չասեմ,
Խորհեմ քո մասին և ոչինչ չասեմ:

Երբ ինձ չտեսնես, տեսնես ուրիշին,
Գամ հարսանիքիդ և ոչինչ չասեմ:

Կենացդ խմեմ ամբողջ երեկո,
Լույս վառեմ ճամփիդ և ոչինչ չասեմ:

Քո մի անունով ապրեմ աշխարհում
Եվ ոչինչ չասեմ, և ոչինչ չասեմ:

***

Լիներ փոքրիկ տնակ,
Մենք լինեինք մենակ:

Գիշեր լիներ նարոտ,
Լինեինք իրար մոտ:

Անձրև մաղվեր բարակ,
Լսվեր խաղաղ նվագ:

Կյանքը հավետ լիներ,
Աստվա՛ծ մեզ հետ լիներ:

***

Մի փակ տեղ է հարկավոր,
Որ իմ սիրտը բացեմ քեզ,
Մի մութ տեղ է հարկավոր,
Որ պայծառ լույս վառեմ ես:
Մի՛ գովիր իմ աչքերը,
Ուր ժպիտ կա, նաև վիշտ:-
Սիրահարի աչքերը
Գեղեցիկ են լինում միշտ: