ԳլխավորՄի կտոր գիրք

Ստեֆան Ցվայգ. «Բյուզանդիոնի առումը»

Ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգն իր ստեղծագործություններից մեկում անդրադարձել է 1453 թ. թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմանն ու Բյուզանդական կայսրության անկմանը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում որոշում կայացվեց Սուրբ Սոֆիայի տաճարը զրկել թանգարանի կարգավիճակից ու այն մզկիթ դարձնել։

***

Սուրբ Սոֆիայի տաճարում, դեռեւս այն ժամանակ աշխարհիս ամենահոյակապ տաճարներից մեկում, որը եկեղեցիների միացման օրվանից լքված էր ե’ւ ուղղափառների, ե’ւ կաթոլիկների կողմից, հավաքվում են մահվան դատապարտվածները։ Կայսեր շուրջը խռնվել է ողջ արքունիքը, ազնվականությունը, հունական ու հռոմեական հոգեւորականությունը, Ջենովայի եւ Վենետիկի զինվորներն ու նավաստիները, բոլորն ասպազենով եւ զինավառ։ Իսկ նրանց թիկունքում, երկյուղածությամբ ու լռին, ծնկի են եկել բյուրավոր մրմնջացող ստվերներ մտատանջությամբ ու սարսափով համակված ժողովուրդը։ Եվ մոմերի լույսը, որ հազիվ է ցրում կամարների միջեւ խտացած մշուշը, ողողում է մի սիրտ, մի հոգի դարձած աղոթողների բազմությունը։ Ինքը՝ բովանդակ Բյուզանդիայի հոգին է այստեղ աղոթում աստծուն։

Եվ ահա հնչում է պատրիարքի հզոր ոգեկոչումը, որին պատասխան են տալիս երգչախմբերը։ Այս տաճարում վերստին հնչում է Արեւմուտքի սրբազան ու հավերժական ձայնը՝ երաժշտությունը։ Հետո մարդիկ, եւ ամենից առաջ կայսրը, միմյանց ետեւից մոտենում են զոհասեղանին՝ հավատքի մխիթարանքն ստանալու համար։ Եվ հսկայական տաճարի պատերից անդրադարձվելով ու մինչեւ կամարների խորքը հասնելով՝ թնդագին ու հնչեղ ալիք է տալիս աղոթքի անլռելի ձայնը։

Արեւելքի Հռոմեական կայսրության հոգեհանգստի վերջին պատարագն սկսվեց։ Քանզի քրիստոնեական հավատը վերջին անգամ է ապրում Հուստինիանոսի տաճարում։

***

Հիացումով ու հուզմուքով սուլթանը զննում է հոյակապ շինությունը, նրա բարձրաբերձ կամարները, որ շողշողում են մարմարակերտ ու խճանկար՝ կիսամութից դեպի լույսը հառնելով։ Եվ նա միտք է անում, որ ոչ թե իրեն, այլ աստծուն պետք է պատկանի աղոթքի այս ազնվաշուք պալատը։ Իսկույն կանչել է տալիս իմամին. Սա տաճարի ամբիոնն է բարձրանում եւ այնտեղից ազդարարում մահմեդական հավատի խորհրդանիշը, իսկ փադիշահը, դեմքը դեպի Մեքքա դարձրած, աղոթում է ալլահին՝ աշխարհների տիրակալին, եւ դա առաջին մահմեդական աղոթքն է, որ հնչում է այդ քրիստոնեական տաճարում։

Հաջորդ օրն իսկ արհեստավորները հրաման են ստանում տաճարը մաքրել նախկին կրոնի նշաններից. Զոհասեղանները դուրս են բերվում, ծեփվում-ծածկվում են խճանկար բարեպաշտական պատկերները, եւ Սուրբ Սոֆիայի գմբեթի բարձրաբերձ խաչը, որ հազարամյակներ շարունակ թեւերը կարկառել էր այս աշխարհին բովանդակ տառապանքն ընդգրկելու համար, խլաձայն գետնին է տապալվում։

Այդ ձայնն ուժգին արձագանք է տալիս տաճարում եւ նրա պատերից շա~տ հեռու։ Քանի որ խաչի անկումից ամբողջ Արեւմուտքն է ցնցվում։ Դառնագին բոթը, երկյուղ հարուցելով, հնչում է Հռոմում, Ջենովայում, Վենետիկում, իբրեւ նախազգուշացնող որոտ՝ թավագլոր հասնում է Ֆրանսիա, Գերմանիա, ու Եվրոպան արդեն սարսուռով է գիտակցում, որ իր բութ անտարբերության հետեւանքով մոռացության մատնված դռնով ներխուժեց, ասես իբրեւ ճակատագիր, մի ավերիչ զորություն, որ դարեր շարունակ պետք է կապի ու կաշկանդի Եվրոպայի ուժերը։

Ստեֆան Ցվայգ (1881-1942)

«Բյուզանդիոնի առումը» («Մարդկության աստեղային ժամերը»)

Comment here