ԳլխավորՄի կտոր գիրք

«Հանիր մատանիդ, բաց արա կրծքերդ…». Կոստան Զարյանի ծննդյան օրն է

Կոստան Զարյան

Հայ բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ Կոստան Զարյանի (2.02.1885 – 1.12.1969) ծննդյան օրն է։

***

Հանիր մատանիդ, բաց արա կրծքերդ։
Միեւնոյն է,
Պիտի լայ մարմինդ
Արեւի այս ժամին –
Պիտի լայ, տառապի
Անհասկանալին։

Խօսում են թարթիչներդ,
Մէջդ հնչում է դառն մի երգ,
Իսկ թեւերդ յուսահատ են
Ու զիստերդ թոյլ։

Հանիր մատանիդ։ Լռիր։

Լուսին

Այս ինչ գիշեր է։
Լուսինը իջել, փարել է ձիւնին,
Գրկել է սառը հրավառ թեւերով –
Խոցել է սրտին իր թուրի ոսկին՝
Հմայել եւ դիւթել երազանքներով։

Արծաթ ձմեռ է։

Քայլում եմ, նայում աչքերով յուզւած
Կարմիր քաղաքին, որ խորասուզւած
Հուրէ հեքեաթի անյայտ յուշերում,
Թաղւել է ձիւնում։
Թաղւել են օրւայ աղքատ ձեռքերր
Կրծքին են ծալւել տրտմութիւնները
Եւ, մագաղաթէ փռւած ճամբեքով,
Քշում են մի ձի ագաթ սանձերով։

ժողխորի առաջ կանգնած պահակը
Սառած ոտքերը խփում է գետնին,
Իսկ իր ծանրացած կոպերի տակը
Նստել է յուշ, նայում է լուսնին։

Սմքւած փողոցի մութ մի անկիւնից
Հառաչ է լսւում։
Ինչ-որ մի շէնքից
Նւագի ձայներ են գալիս եւ կորչում
Ճառագայթների պեղած անդնդում։

Գիշերր գլորւել, ընկել է մի լիճ։
Բուլվարի վրայից սողում է մի ճիչ
Եւ ոգիների գաղտնի ոհմակներ
Հետապնդում են փախչող երազներ։

Այս ի՜նչ գիշեր է
Արծաթ ձմեռ է։

***
Այս ցրտին, այս բուքին. այս խոնաւ սենեակում
Ունկ ենք դնում քամիին ու լռիկ սպասում
-Չենք վախում այս կեանքից, անորոշ վաղւանից եւ խաւար գիշերից։

Այս ցրտին, այս բուքին…
Տարիներ երագած հայրենի հողի վրայ
մենք ահա
մեր յոյսի ճրագով թեւաւոր, լուսաւոր
մեր բախտի աղեղով
վիրաւոր…

Տուր սիրտդ իմ սրտին, այս ցրտին, այս բուքին
ու լսենք հեռաւոր, անծանօթ ձայներին
լեռներից, ձորերից վար բերած պատգամով
կիսաքանդ գիւղերից մեզ ղրկած լուրերով։

Այս ցրտին, այս բուքին –
միասին
այս երկրում հայրենի
չը լինենք ամայի եւ տխուր մտքերով –
չը լինե՛նք…
Տո՛ւր սիրտդ իմ սրտին, այս ցրտին, այս բուքին։

***
Նոր Հայաստանում
նա է միայն մեծ
ով ամայնացած խոպան մի դաշտում
տենդոտ ձեռքերով մի ծառ է տնկում։
Նա՛ է բանաստեղծ,
որ նոյն ծառի տակ
նստում է հոգնած
եւ լսում, լսում նոր բողբոջների
ծլւող, եռացող խաղը անապակ։
Երգը գալիս է շատ հեռուներից
ինչպէս կոհակր ալեծուփ ծովի,
ինչպէս երազը վերջին այգաստղի,
ինչպէս խարշափը՝ հեռու անտառից.
գերանդիների քա՛յլը ծաւալւող
խոնարհ հասկերի աստղաթափ ծովում։

Եւ ծառր ծաղկում, դառնամ է դողդող
հրաշքների մի հարս, զմուռս, մուշկ եւ սաթ, լերկ անապատում յաւերժ մի հեքեաթ։
Ու տօ’ն է խելառ։
Եկել են, եկել,
չորս դին բոլորւել
խոտեր ու բոյսեր, ծաղկունք գեղապար.
իջել լերկ սարից
խրճիթի ճաթած տանիքից.
քաղցած ոչխարի ակռայի տակից,
ծոցից երազոտ սիրահարների
գիւղացին եկած գինին է խմում
պոկւած վրիժառու շունչից հովերի.
եկել են, եկել,
ծառի տակ կանգնել
ու տաղ են ասում, ցնծում ու երգում
հարբած գինիով անուշ այս գարնան
ինչպէս կախարդւած բիւլբիւլ հազարան։

Գիշեր է գալիս, աստղերն են իջնում,
ու ոսկեմռունչ խօսքեր են անցնում
աշխարհից աշխարհ –
ասես սօսաւիւն տրոփում է անտառ
նոր խորհուրդներով։

Փողոցում
Եկ քեզ տանեմ։ Թեւս սեղմիր,
Զգոյշ քայլիր
Եւ փողոցից,
Ուր խոր մութը – անձրեւ, թախիծ –
Հեծկլտում են վիրաւորած,
Անցնենք կամաց։

Սէրս որբ է անտէր, անտուն։
Սէրս որբ է ոտաբոբիկ եւ անանուն,
Կանգնած ինչպէս տխուր հառաչ
Դռան առաջ
Սրտիդ։

Ցեխի վրայ ծունկ է դրել,
Կիսով թաղւել
Քաղաքը լուռ։
Վայող քամին մագիլներով իր սրրասուր
Ճանկռտում է տանիքները
Եւ տուներում կուկուզ արած պառաւներր,
Քունը կորցրած,
Չարչարաւմ են, մտահոգւում։

Թեւս սեղմիր՜.
Նայիր –
Նման անբուժ, օրհասական մի հիւանդի,
Խաւարր այս երկարել է դանակի տակ վիրաբուժի
Իսկ փողոցի ծայրին կանգնած
Մեզ սպասում է յոյսի ճրագը աղաւաղւած։

Ես ուզում եմ քեզ մօտ զգալ։ Քանաքեռի
Բարձունքներում մի գիւղացի
Քարայրի մէջ նստած միտք է խոր մտածում,
Մինչ իր հօտը մթութիւն է արածում։
Նա ձանձրացած դուրս է գալիս
Եւ զզւանքով աշխարհի վրայ թափ է տալիս խոնաւ, թրջւած իր փափախը
Եւ զսպում է սրտի վախը։

Զգոյշ քայլիր։ Մութի դիզած ստւերներում
Խորտակւել են պատրանքները։ Մեզ սպասում է
քամին տրտում։
Սեղմիր թեւդ թեփս ուժգին,
Շրջենք կամաց վիհի ոլոր եզերքներին։

***

Փողոցով անցնելիս մտահոգ
Մի չքնաղ թրթռուն հայուհի
Սկրատող թարթիչները խփեց՝
Աչքերս այրեց։

Մի ծաղիկ բարձրացաւ իմ սրտում
Եւ ծածուկ հեզ երգի կատարին իր լոյսը տատանեց մեղմօրէն։
Փողոցը մագլցեց մի գագաթ
Եւ դէմքը տալով աստղերին,
Ճրագներով մեծացաւ անհունի։

Քայլեցի ոտքերով շւարած,
Գլխարկս քաշեցի ճակատիս
Եւ սերը սեղմելով իմ կրծքին,
Մի կողմի փողոցով հեռացայ։

Comment here