ԳլխավորԽճանկար

«Կապույտ կետ» կամ «Синий кит». «խաղ»՝ ինքնասպանությունից 50 օր առաջ

15-ամյա Հրաչյա Ներսիսյանի ողբերգական մահը ցնցեց հասարակությանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատանին Հրազդանի կիրճում ինքնասպանություն էր գործել «Синий кит» խաղի պատճառով։

Ստորեւ ներկայացնում ենք մի քանի տեղեկություն խաղի ու դրանից խուսափելու մասին՝ հրավիրելով հատկապես դեռահաս երեխաներ ունեցող ծնողների ուշադրությունը։

«Կապույտ կետ» («Синий кит», նաև «Լուռ տուն», «Արթնացրու ինձ 4:20», «Կարմիր բու», «Կետերի ծով», «Ծիր Կաթին», «NaN», «F57» և այլն), 2016 թվականի վերջին ստեղծված հանձնարարությունների շարք պարունակող քվեստանման (այլ ոչ թե համակարգչային) խաղ։ Այդ ժամանակ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց մի խաղի մասին, որը դեռահասներին հասցնում է ինքնասպանության, ինչը ռուսական հասարակության մեջ հոգեբանական խուճապի առաջացման պատճառ դարձավ։ Այդուհանդերձ, խաղի գոյության մասին փաստը մինչ օրս հաստատված չէ։

Ըստ ԶԼՄ-ների տված տեղեկությունների՝ խաղը սկսելու համար սոցցանցերի օգտատերերը (մեծ մասամբ՝ դեռահասները) իրենց էջերում գրում են որոշակի հեշթեգեր։ Հետո օգտատերերի հետ կապվում է «կուրատորը», որը նրանց հետ շփում է հաստատում։ Որպես կանոն, «կուրատորները» հանդես են գալիս կեղծ էջերով, ուստի նրանց հնարավոր չէ նույնականացնել։ Սկզբում նրանք բացատրում են կանոնները․ «ոչ ոքի չասել խաղի մասին», «կատարել բոլոր առաջադրանքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն», «առաջադրանքը չկատարելու դեպքում քեզ ընդմիշտ կհեռացնենք խաղից, և վատ հետևանքներ կլինեն»։

Հիմնականում նախատեսվում է 50 առաջադրանք․ ամեն օրվա համար մեկը։ Ինչպես հայտնում է «մահվան խմբերի» մասին հոդվածի հեղինակ լրագրող Գ․ Մուրսալիևան, սա հղում է Սթեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» վեպին։

Կետի կերպարը, ըստ որոշ մասնագետների, վերցված է այն պատճառով, որ այդ կաթնասունները հաճախ են դիմում ինքնասպանության՝ ափ նետվելով։

Կարծիք կա նաեւ, որ կերպարը «Lumen» խմբի «Гореть» երգից է և խորհրդանշում է մենություն, օտարություն:

Մահվան խմբերի հետ կապված պատմությունը հայտնի դարձավ «Новая газета» թերթի 2016 թվականի մայիսի 15-ի «Մահվան խմբեր» հոդվածի հրատարակումից հետո: Լրագրողները հավատացնում էին, որ 2015 թվականից մինչև 2016 թվականի սկիզբը խաղի հետևանքով Ռուսաստանում մահացել է մոտ 130 դեռահաս: Սակայն խաղի հայտնիության գագաթնակետը 2017 թվականի փետրվարն էր, երբ սոցցանցերի 800-ից ավելի օգտատերեր հրապարակեցին #синийкит հեշթեգը՝ սպասելով իրենց կուրատորների հանձնարարություններին։

Ինչպես «Новая газета», այնպես էլ այլ պարբերականների լրագրողներն իրենց հոդվածներում ոչ մի օբյեկտիվ տվյալ չեն ներկայացնում խաղի զոհերի քանակի մասին: Զոհերի թիվը չի հաստատվում նաև իրավապահ մարմինների կողմից:

Մի շարք հետազոտողներ կարծում են, որ «Կապույտ կետի» հայտնիությունը կապված է Ռինա Պալենկովայի (իրական անունը՝ Ռենատա Կամբոլինա) մահվան հետ, որը սելֆի է արել գնացքի տակ նետվելուց առաջ: Ռինայի հայտնիության ալիքով բարձրանալու ձգտման շնորհիվ տարածվեց այն գաղափարը, որ մարդուն կարելի է «խաղի» միջոցով հասցնել ինքնասպանության։

Ըստ մարդաբան Մարիա Վոլկովայի՝ խաղի մասնակիցների մեծ մասը հետաքրքրվել է «Կապույտ կետ» խաղով ԶԼՄ-ներում դրանց լուսաբանվելուց հետո՝ փորձելով հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Այդպիսի խմբերի «կուրատորները» հաճախ հենց դեռահասներ էին։

Պրոֆեսոր Եվգենի Լյուբովի կարծիքով՝ «մահվան խմբերը» «դժբախտ երեխաների ախտաբանական խմբերն են, որոնք փոխըմբռնման կարիք ունեն»:

Ծնողների շրջանում խուճապի հիմնական պատճառը համացանցի հետ երեխաների և երիտասարդների փոխգործակցության բնույթի փոփոխություններն են։ 8-16 տարեկան երեխաների 58 %-ը ծնողներից թաքցնում է համացանցում կատարած որոշ գործողություններ՝ դրա համար որոշակի լրացուցիչ ջանքեր գործադրելով․ համացանց մտնել ծնողների բացակայության ժամանակ (18 %), սարքերի վրա գաղտնաբառ դնել (16 %), ջնջել բրաուզերի այցելությունների պատմությունը (10 %)։ Բացի այդ, երեխաների 22%-ը օգտագործում է գործիքներ, որոնք թույլ են տալիս նրանց մուտք գործել ցանց անանուն, իսկ 14%-ը հատուկ ծրագրեր է օգտագործում, որոնք օգնում են թաքցնել օգտագործված ծրագրերը։ Արդյունքում աճում է ծնողների անհանգստությունը, նրանց երեխաները վաղ տարիքից կարողանում են անընդհատ և անկառավարելի շփվել առցանց տարածությունում, որի կանոնները և լեզուն ոչ բոլոր ծնողները գիտեն։

Պատմական գիտությունների դոկտոր Դմիտրի Գրոմովի կարծիքով՝ մանկական ինքնասպանության խնդիրը միշտ գոյություն է ունեցել։ 2008 թվականին՝ դեռահասության ինքնասպանության բռնկման ժամանակ, ՌԴ Պետդումայի պատգամավորները պնդում էին, որ դրա պատճառը գոթերի և էմոների ենթամշակույթներն են։ Գրոմովը, սակայն պնդում է, որ առասպելական ենթամշակույթներում և համայնքներում պատճառ փնտրելու փոխարեն ծնողներն ու մանկավարժները պետք է ավելի շատ շփվեն երեխաների հետ և ավելի ուշադիր ու հարգալից լինեն թե նրանց, թե նրանց ցանկությունների ու դժգոհությունների նկատմամբ։

«Կապույտ կետ» խաղի մասին լուրերը հայտնվեցին նաև Ռուսաստանից դուրս։ Ղազախստանում իրավապահ մարմինները պնդում էին, որ երեխաների՝ խաղի մեջ ներգրավվածության 63 դեպք է գրանցվել։ Ղրղզստանի ԶԼՄ-ները պնդում են, որ «խաղը» հայտնվել է նաև այնտեղ։ Տեղի դեռահասների հետ կապվելու՝ «կուրատորների» փորձերի մասին լուրեր են հայտնել նաև Լեհաստանի, Բուլղարիայի և Լատվիայի ԶԼՄ-ները։ Խաղի հայտնիության և նրա կանոնների մասին նաև հայտնել են անգլիական և ամերիկյան թերթերը, իսկ այս թեմայի վերաբերյալ անգլալեզու հարցումների քանակը 2017-ի փետրվարին կտրուկ աճել է։

«Խաղի» ընթացքում դեռահասը հրաժարվում է սուբյեկտիվությունից, իրավիճակը վերլուծելու ունակությունից, վարքագիծը ինքնուրույն ձևավորելու մարտավարությունից։ Կարծիքներ կան, որ երեխաներին ենթարկում են են մանիպուլյացիայի և հիպնոսի։

Ինքնասպանության բնույթի հեշթեգներ կիրառող օգտատերերի զգալի մասը իրականում պարզվում է, որ «դելֆիններ» կամ «հակակետեր» են՝ օգտատերեր, որոնք փորձում են զրույցի միջոցով հետ համոզել պոտենցիալ խաղացողներին հնարավոր ինքնասպանությունից։

Հոգեբանական գիտությունների թեկնածու Նիկոլայ Մոլչանովն իր ««Կապույտ կետ» և սայրերով կոնֆետներ․ ինչպես են ապրում և տարածվում քաղաքային լեգենդները» հոդվածում պնդում է, որ «Կապույտ կետ» խաղը տարածվել է իր «կպչունության շնորհիվ»։ «Կպչուն» պայմանականորեն անվանում են այն իրադարձությունները, գաղափարները կամ հայեցակետերը, որոնք մտապահվում և երկար ժամանակ պահպանվում են մարդկանց հիշողության մեջ։ Նրանք պետք է ունենան վեց որակ՝ պարզություն, հետաքրքրություն, կոնկրետություն, վստահություն, հույզեր և պատմություն։ Այս բոլոր որակները բնորոշ են «Կապույտ կետին»։

Սոցցանցերը համագործակցում են իրավապահ մարմինների հետ․ Instagram-ը ջնջում է համապատասխան հեշթեգերով նկարները, իսկ «Вконтакте»-ի ադմինիստրացիան ներկայացրել է բողոքների համար հատուկ ձև և սկսել արգելափակել օգտատերերին։

Չնայած որ «Կապույտ կետը» այնպիսի ձևով, ինչպես ներկայացնում էին ԶԼՄ-ները, երբեք գոյություն չի ունեցել, դեռահասները ընդհանուր առմամբ ենթարկվում են խմբին կամ նախաձեռնություններին, որոնք վնասակար կամ նույնիսկ վտանգավոր են նրանց համար:

Քայքայիչ խմբերի հետագա տարածումը կանխելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել սոցիալական ցանցերում «մահվան խմբերի» շուրջ ստեղծված իրադրությանը և հանգիստ մթնոլորտում երեխաներին պատմել համացանցում որոնելիս այդտեղ ընկնելու հնարավորության և դրանց վտանգավորության մասին, բացատրել, որ ուրիշները չպետք է տեսնեն իր սոցիալական էջը, այն չպետք է ունենա մեծ քանակությամբ անձնական տեղեկությունների բաց մուտք (հեռախոսահամար, տան հասցե, գտնվելու վայր, սովորելու վայր), երեխաների հետ մշտապես քննարկել ոչ միայն դպրոցում նրանց հաջողությունները, այլև այն, թե իրական կյանքում և սոցիալական ցանցերում ինչպիսի ընկերներ ունեն։ Անհրաժեշտ է ընտանիքում ստեղծել վստահության և սիրո մթնոլորտ, որը պետք է զգա երեխան, բացի այդ, հարկավոր է երեխային վստահեցնել, որ ծնողները հավատում են նրա ներուժին և միշտ պատրաստ են նրան աջակցություն ցուցաբերել։

Անհրաժեշտ է երեխաներին հնարավորություն տալ արտահայտելու իրենց զգացմունքները, կիսվել պլաններով և գաղափարներով, լսել նրանց և հաստատել նրանց հետ վստահելի հարաբերություններ։ Այդ ժամանակ երեխաները դրսից երևակայական աջակցություն փնտրելու և կասկածելի «բարեհամբույր» մարդկանց հետ շփվելու և «վատ» շրջապատում հայտնվելու ցանկություն չեն ունենա։

Comment here