Այն, որ համացանցով հնարավոր է պատվիրել թմրամիջոցներ, բարդացնում է հանցագործի հետքերը հայտնաբերելը։
Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:
«Թմրամիջոցն իրացնողն ու նրան այդ գործում օժանդակողները միմյանց հետ շփվում են համացանցում և իրար սկսում են ճանաչել, երբ մենք բացահայտում ենք քրեական գործը։ Այժմ սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չեն ունեցել»,– ասաց արդարադատության առաջին դասի խորհրդականը։
Նրա խոսքով` հիմնական թիրախը լինում են դեռահասները և երիտասարդները։ Լինում են դեպքեր, երբ անձն առանց տնից դուրս գալու կարող է պատվիրել, ստանալ առաքանի կամ ստանալ տեղեկություն, թե թմրամիջոցը որտեղ է տեղադրված ու համապատասխան գումարն ուղարկելուց հետո նախատեսված վայրից վերցնել այն։
ՀՀ քննչական կոմիտեում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում հայտնաբերվել են 6 կազմակերպված խմբեր, որոնց կողմից կառավարվել են 30–ից ավել Telegram ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 250 մլն դրամը, իսկ դրանց իրացման իրական շրջանառությունը գերազանցել է 700 մլն ՀՀ դրամը։ Քրեական գործի շրջանակներում Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնք նախատեսված են եղել թմրանյութերի պատրաստման համար։
Թմրանյութերի իրացման համար հաճախ դպրոցների, գետնանցումների, մարդաշատ վայրերի պատերին գովազդվում են նշված Telegram-ալիքները։
«Սույն քրեական գործով նշված հանցավոր խմբերից մեկում ներգրավված են 10 անձինք , որոնցից մեկը կալանավորված է, էջը կառավարող ամուսինների նկատմամբ հայտարարված է հետախուզում , որպես մեղադրյալ ներգրավված են նաև 4 կանայք, որոնցից մեկը ևս հանդիսացել է էջը կառավարող։ Նշված կանայք ընդամենը 20-25 տարեկան են»,– ասաց նա։
ՔԿ–ում գննվող քրեական գործերով արդեն իսկ հայտնաբերվել են 6 կազմակերպված խմբեր, որպես մեղադրյալ ներգրավվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ կանայք, որոնցից 16–ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ևս 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ի դեպ, թմրավաճառները գումարն իրենց էլեկտրոնային դրամապանակների վրա ստանում են կրիպտոարժույթով։