ԳլխավորԼուր

Ի գիտություն դիմորդների. դիմում-հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման վերջին օրը

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մանրամասնում է, որ հիմնական փուլը՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը, վերաբերում է հանրակրթական դպրոցների այս տարվա, նախորդ տարիների, նաև՝ քոլեջների և ուսումնարանների շրջանավարտներին:

Հայտագրվելու համար հարկ է ներկայանալ դպրոցի տնօրենին, որտեղ սովորում է շրջանավարտը, և տեղեկացնել նրան:

Նախորդ տարիների շրջանավարտները դիմում են այդ նպատակի համար առանձնացված դպրոցներին, որոնց ցանկը հրապարակված է atc.am կայքում՝ հայտագրման մասին հայտարարության հավելվածում:

Ներկայացվում է հանձնվող յուրաքանչյուր քննության համար վճարված 1500-ական դրամի անդորրագիրը, դպրոցի տնօրենը շրջանավարտին է տալիս նրա՝ ԳԹԿ անձնական համարը:

Դրանից հետո արդեն կարելի է հայտագրվել ինքնուրույն՝ dimord.am կայքում, կամ դիմել դպրոցի օպերատորին, որը կօգնի դա անել:

Դիմում-հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման վերջին օրը՝ մայիսի 10-ի 18.00-ն: