ԳլխավորԼուր

Քրեական գործ է հարուցվել 17-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հոդվածով

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

Կատարվել են անհետաձգելի քննչական և  դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: