ԳլխավորՄի կտոր գիրք

Հրաչյա Սարուխան. «Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…»

Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-
Ատի’ր, խնդրում եմ, աչքերս ատիր:

Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու՜րը լափեմ…
Ատի’ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:

Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…
Ատի’ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

***

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է— նստել ժամանակի կառքին—
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։

Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղո՜ւց մոռացել են նրանց…
Առաջվա պես էլի տխրություն է ծորում
Տերևից էլ դեղին հոգիների վրա։

Անիմաստ է նաև ընկերակցել լացիդ
Ու խոսքերով խղճուկ մխիթարել։
Ցա՛վ չէ, թե շուրթերդ ինձ կարոտ մնացին,
Քո կարոտը ինձ հետ ես հեռո՜ւ եմ տարել…

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է— նստել ժամանակի կառքին—
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։

Հայաստան

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…

Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։

Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը:

***

Ահա և չկամ։
Իմ փոխարեն
Մնացին երգերն իմ թերահայտ
Եվ հիմա պիտի լոկ երգերն այդ
Մոռացվող անունն իմ փողհարեն։

Հրաչյա Սարուխան (1947-2016)

Comment here