ԳլխավորՄի կտոր գիրք

Ժան-Ժակ Ռուսո. «Էմիլ կամ դաստիարակության մասին»- 1

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող Ժան-Ժակ Ռուսոյի (28.06.1712-2.07.1778)  «Էմիլ կամ դաստիարակության մասին» ստեղծագործությունից։

***

Այն միջոցին, երբ երեխան դուրս գալով իր պատյանից, ազատ շունչ է քաշում, չպետք է թույլ տալ, որ նրան նոր կապանքներով ավելի սեղմեն։ Ո՛չ մի գլխակապ, ո՛չ մի բարուր, ո՛չ մի փաթաթան։ Տվե՛ք նրան թույլ և լայն խանձարուր, որի մեջ ազատ լինեն մանկան մարմնի բոլոր անդամները, և որը լինի ո՛չ այնքան ծանր, որպեսզի չկաշկանդի նրա ազատ շարժումները, և ո՛չ էլ այնքան տաք, որպեսզի երեխային չարգելի զգալու օդի ազդեցությունը։

Երեխային դրե՛ք հարմարավետ ընդարձակ օրորոցի մեջ, որտեղ նա կարողանա ազատ ու անվտանգ շարժվել։ Երբ երեխան սկսում է մեծանալ, թույլ տվե՛ք, որ նա սենյակում չորեքթաթ ման գա, զարգացնի ու երկարի իր մարմնի փոքրիկ անդամները. Դուք կտեսնեք, թե ինչպես է նա օր-օրի ամրանում։ Համեմատեցե՛ք նրան միևնույն հասակի՝ պինդ բարուրված մի ուրիշ երեխայի հետ և կզարմանաք նրանց զարգացման տարբերության վրա։

***

Երեխաների առաջին տպավորությունները զուտ զգացողական են. նրանք միայն հաճույք կամ ցավ են զգում։ Չկարողանալով ո՛չ քայլել, ո՛չ բռնել, նրանց շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանան կամաց-կամաց այնպիսի մտապատկերներ կազմել, որոնք նրանց ցույց տան շրջապատի իրերը։ Բայց մինչև այդ առարկաները տարածվեն, այսպես ասած՝ հեռանան նրանց աչքերից և նրանց համար ծավալ ու ձև ստանան, զգացողական տպավորությունների կրկնումը արդեն սկսում է նրանց ենթարկել սովորության տիրապետությանը։

Մենք տեսնում ենք, որ նրանց աչքերը անընդհատ դեպի լույն են ուղղվում, և եթե լույսը գալիս է կողքից, աչքերն անզգալիորեն դեպի այն կողմ են դարձնում. այդ պատճառով էլ նրանց դեմքը միշտ պետք է դեպի լույսը դարձնել, որպեսզի շիլ չլինեն կամ չսովորեն շեղ նայել։ Անհրաժեշտ է նույնպես, որ նրանք վաղ հասակից վարժվեն մթությանը, հակառակ դեպքում, եթե հանկարծ մթության մեջ ընկնեն, կսկսեն լալ ու ճչալ։  Ճիշտ չափավորված սնունդն ու քունը նրանց համար անհրաժեշտ են դառնում օրվա միշտ նույն ժամերին։ Այսպիսով, պահանջը գալիս է ոչ թե կարիքից, այլ սովորությունից, կամ ավելի շուտ՝ սովորությունը մի նոր կարիք է ավելացնում բնական պահանջին։ Բայց պետք է կանխել այդ։

Միակ սովորությունը, որ պետք է թույլ տալ երեխային ունենա, ոչ մի սովորություն ձեռք բերելն է. երբեք չպետք է նրան գրկել. պետք է արգելել, որ նա շարունակ նույն ձեռքը մեկնի, հաճախակի նույն ձեռքը գործածի, ցանկանա ուտել, քնել, գործել միշտ նույն ժամերին, վերջապես չպետք է թույլ տալ, որ վախենա մենակ մնալուց՝ և՛ գիշերը, և՛ ցերեկը։ Վաղօրոք պատրաստեցե՛ք նրան իր ազատությունը ղեկավարելու և իր ուժերն օգտագործլու, նրա մարմնին թողնելով բնական սովորությունը, նրան ի վիճակի դարձնելով շարունակ իր անձի տերը լինել և ամեն ինչում իր կամքը գործադրել, երբ որ այդպիսին ունենա։

***

Մենք միայն շարժումով ենք գիտակցում, որ մեզնից դուրս իրեր կան և միայն մեր սեփական շարժումով ենք ընկալում տարածության գաղափարը։ Տարածության մասին գաղափար չունենալու պատճառով է, որ երեխան ձեռքը երկարում է թե՛ այն առարկային, որն անմիջականորեն իրեն է հպվում և թե՛ իրենից հարյուր քայլի վրա գտնվողին։ Նրա այդ շարժումը ձեզ թվում է հրամայողական մի շարժում՝ ուղղված առարկային, որպեսզի իրեն մոտենա, կամ ձեզ, որպեսզի այն իրեն մոտեցնենք։ Սակայն այդ այդպես չէ. պարզապես բանն այն է, որ այդ նույն իրերը, որ նա նախ իր ուղեղում է տեսնում, ապա աչքերի մեջ, այժմ տեսնում է իր մատների ծայրին և ուրիշ հեռավորություն չի պատկերացնում, քան այն, որին ինքը կարող է հասնել։ Պետք է, ուրեմն, նրան հաճախ ման ածել, մի վայրից տեղափոխլ մյուսը, տեղի փոփոխությունը զգալի դարձնել նրան, որպեսզի սովորի որոշել հեռավորությունները։

***

Երեխաների առաջին լացը խնդրանք է արտահայտում։ Եթե ուշադրություն չդարձնեք, շուտով այդ լացը հրաման կդառնա։ Նրանք սկսում են ձեր օգնությանը դիմելով և վերջացնում՝ ձեզ իրենց ծառայեցնելով։ Այդպիսով, իրենց սեփական տկարությունից, որը սկզբում նրանց մեջ կախման զգացում է առաջացնում, ծնվում է այնուհետև տիրապետելու և իշխելու միտքը։ Բայց որովհետև այդ միտքը բխում է ոչ այնքան նրանց կարիքից, որքան մեր օգնությունից, ապա այստեղ սկսում են զգալի դառնալ այն բարոյական հետևանքները, որոնց անմիջական պատճառը բնության մեջ չէ։ Հետևաբար, հասկանալի է, թե ինչու այս վաղ տարիքից սկսած պետք է պարզել այն գաղտնի դիտավորությունը, որ մանկանը դրում է շարժումներ անել ու ճչալ։

Երբ երեխան, ճիգ գործ դնելով, երկարում է ձեռքը, առանց ոչինչ ասելու, կարծում է, թե հասավ առարկային, որովհետև տարածության մասին գաղափար չունի. անշուշտ նա սխալվում է։ Բայց երբ ձեռքը երկարելիս  լաց է լինում ու աղաղակում, նշանակում է նա արդեն պատկերացում ունի հեռավորության մասին, և առարկային հրամայում է մոտենալ, կամ ձեզ՝ որ մոտեցնեք առարկան։ Առաջին դեպքում դանդաղ, փոքրիկ քայլերով երեխային տարեք առարկայի մոտ, երկրորդ դեպքում այնպես ձևացրեք, թե ոչինչ չեք լսում. ինչքան ավելի ճչա, այնքան քիչ լսեք նրան։ Անհրաժեշտ է փոքր հասակից սովորեցնել երեխային՝ չհրամայել ո՛չ մարդկանց, որովհետև նա նրանց տերը չէ, ո՛չ էլ առարկաներին, որովհետև, միևնույն է, նրանք ոչինչ չեն լսում։

Այսպես ուրեմն, եթե երեխան ցանկանում է ունենալ այն իրը, որը տեսնում է և որը դուք ուզում եք տալ նրան, ավելի լավ է երեխային տանեք իրի մոտ, քան թե իրը մոտեցնեք նրան. դրանից նա իր տարիքի համապատասխան հետևություն կանի, իսկ այդ բանը նրան հասկացնելու ուրիշ միջոց չկա։