ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ». Ֆրանսուազ Սագան

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող Ֆրանսուազ Սագանի (21.06.1935-24.09.2004) «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» ստեղծագործությունից։

***

Անկասկած, եթե ցանկանար, կվերադառնար Էլոիզի մոտ և կսիրաբաներ նրա հետ։ Բայց չէր կարող։ Արդեն երեք ամիս է, որ ձեռք չէր տվել նրան, ավելին՝ երեք ամիս է, որ չէին խոսում այդ մասին։ Գեղեցիկ Էլոիզ… Հետաքրքիր է, կարողանո՞ւմ էր հաշտվել այս ամենի հետ։ Թվում է, նա Ժիլի մոտ ինչ-որ հիվանդություն էր հայտնաբերել կամ տարօրինակ երևույթներ նկատել, կարծես նույնիսկ խղճում էր։ Եվ խղճահարության միտքն ավելի էր զայրացնում Ժիլին, քան այդ կնոջ ցասումը կամ հավանական դավաճանությունը։

Ինչ ասես չէր տա, որ նրան տենչար, նետվեր վրան, այդ կանացի մարմնի ջերմության մեջ կատաղի շարժումներ գործեր և վերջապես ընկներ ինքնամոռաց վիճակի մեջ, սակայն՝ ոչ քնելու գնով… Բայց չէր կարող։ Իսկ Էլոիզի մի քանի երկչոտ փորձերը, որ համարձակվել էր կատարել, անասելիորեն զզվեցրել էին նրան։ Նա, որ այնպես պաշտել էր սերը և կարողացել էր ամենազավեշտական, ամենատարօրինակ պայմաններում անտարբերությամբ սեր խաղալ, այժմ անզոր ընկած էր անկողնու մեջ, այն կնոջ կողքին, որը դուրեկան էր և գեղեցիկ, և ավելին, սիրում էր։

Ի դեպ, նա չափազանցնում էր։ Մի անգամ, Ժանենց տան հռչակավոր երեկոյից հետո, երեք շաբաթ առաջ, Էլոիզն իր գրկումն էր։ Բայց հիմա չէր հիշում։ Շատ էր խմել այդ երեկո և պատճառներ ուներ։ Նա աղոտ կերպով մտաբերում էր իր մեծ անկողնու մեջ գալարվող սև և անորոշ զանգվածը, և այն հաճելի թեթևությունը, որ զգում են թղթախաղի հաջող ավարտից հետո։ Տրված և ստացած հաճույքի կարճատև վայրկյանը կարծես անհանգիստ գիշերների, անհաջող պատճառաբանությունների, կեղծ քաղաքավարության հատուցումը լիներ։ Մեծ բան չէր։ Կյանքը, որ մինչ այդ ամեն ինչ տվել էր նրան, գոնե այդպես էր կարծում, և դա էր նրա հաջողության պատճառներից մեկը, այժմ այդ կյանքը ընկրկում էր նրանից, այն ծովի նման, որ ետ է քաշվում միանգամից ու լքում երկար ժամանակ փայփայած ժայռը։ Իր անձի հետ ընդհանրացված հին ժայռի գաղափարը մի պահ աննկատ ու դառը ծիծաղ առաջացրեց։

***

…Այդ կնոջ հայացքում միանգամից իրեն ազատ, վճռական, թեթևացած ու ուժեղ մարդ զգաց, ինչպիսին եղել էր ողջ կյանքում։ Անսահման քնքշությամբ համակված, նա չգիտեր ինչով բացատրեր այդ երևույթը. երախտագիտության զգացումով, որ նրա միջոցով վերագտել էր նախկին կայտառ, մոռացումի մեջ նետված կերպարանքը, թե՞ տանջվում էր նախօրոք զգացած խղճահարության մտքից, որ ինքն այլևս չէր վերադառնալու։ Թեքվեց նրա վրա։

— Եթե չվերադառնամ, ի՞նչ կանես։

— Կգամ քո ետևից,-հանգիստ պատասխանեց Նաթալին,-համբուրիր ինձ։

Համբուրեց նրան և իսկույն մոռացավ Փարիզն ու քաղաքականությունը։  Սկզբում նա ցինիկաբար մտածեց, որ ամեն դեպքում որպես սիրուհու զգալու է նրա բացակայությունը, այնուհետև դա էլ մոռացավ և երկար ժամանակ նրա ուսին հենված՝ անշարժ մնաց, սարսափելով այն մտքից, որ նույնիսկ մեկ շաբաթով պիտի հեռանար նրանից։ Նաթալին անխոս շոյում էր նրա մազերը, ծոծրակը։ Մայր մտնող արևը ողողել էր սենյակը, Ժիլը հանկարծ մտածեց, որ երբեք, երբեք չէր մոռանալու այս պահը։ Ինչ էլ պատահեր։

***

Էլոիզին հիշեց միայն այն ժամանակ, երբ կառամատույցում տեսավ իրեն ընդառաջ վազելիս։ Բարեհամբույր և բանիմաց արտահայտությունը դեմքին՝ Ժանը գալիս էր նրա ետևից։ Ժիլն իր իսկ ցրվածությունից շվարած ստիպված էր երկար-բարակ համբուրել այդ օտարացած կնոջ շրթունքները։

«Բայց չէ որ նա գոյություն ունի,-մտածում էր Ժիլը,- և ապրում է իմ տանը, սարսափելի է… Համենայն դեպս, Ժանը կարող էր զգուշացնել ինձ»։ Եվ այդ պարզունակ մտքից ծիծաղեց։ Կարծես ամեն անգամ արձակուրդից վերադառնալիս մտերիմ ընկերը պարտավոր էր իրեն զգուշացնել, որ տանը սիրուհի կա… Հիմա արդեն զզվելի էին Էլոիզի օծանելիքի բույրը, շրթունքների հպումը։

Նա հիշում էր երեք ժամ առաջ Վիերզոնի կայարանում Նաթալիի վերջին համբույրը, նրանց շնչակտուր, ինքնամոռաց հրաժեշտը, և մի տեսակ սնահավատությամբ էր լցվում։ Եթե հանկարծ որևէ վթարի հանդիպի… ետդարձի ճանապարհին, բազմաթիվ շրջապտույտներից մեկի ժամանակ, չէ՞ որ վերջին րոպեին նկատել էր նրա աչքերում լցված արցունքը։ Ինքն էլ էր հուզված, և հինգ րոպեի չափ շվարած, նստած էր մնացել վագոնի խցիկում, որից հետո վեր էր կացել և վստահ քայլերով ուղղվել դեպի վագոն-ռեստորանը։ Նման պահերին ինքն անկարող կլիներ ղեկին նստել, իսկ Նաթալին այնքան արագ էր վարում։ Չնայած շատ լավ, բայց շատ արագ… Ժիլը խելքը թռցնելու էր։ Նա կամաց հեռացավ Էլոիզի կողքից, խփեց Ժանի ուսին, փորձեց ժպտալ։

Կայարանը սևացել էր մխից և լցված էր խլացուցիչ աղմուկով։ Միայն Ժանի մեքենայի մեջ նա վերագտավ իր սիրելի Փարիզը, որ այնքան մեղկ էր և կապույտ, իր ամառային, իր գիշերային Փարիզը։ Եվ միայն այն մտքից, որ տասը երկար տարիներ այս նույն Փարիզում շատ երջանիկ էր զգացել իրեն, սիրտը ճմլվեց, կարծես այդ ուրախությունը առհավետ կորել էր նրա համար։ Սկսեց վախենալ, կարծես դարձյալ մոլորվեց, կարծես դարձավ անկարող մի մարդ։ Ինչ ասես չէր տա, որ Լիմուզենի մարգագետիններից մեկում լիներ, Նաթալիի շուքի տակ պառկած։

***

— Ուշ չէ՞ զանգահարելու համար,-ասաց Էլոիզը կապույտ ժակետը կախիչի վրա հարմարեցնելով։

— Քույրս,-հակիրճ պատասխանեց Ժիլը։

Հավաքեց համարը։ Եթե ամուսինը վերցնի, լսափողը ցած կդնի։ Շատ զանգեր գնացին, հետո շատ մոտիկից լսեց Նաթալիի աշխույժ ձայնը, այդ ժամանակ միայն զգաց, որ ձեռքը, որով բռնել էր լսափողը, խոնավացել էր։

— Ալո,-ասաց նա,-ես եմ։ Ուզում էի ասել, որ հաջող տեղ եմ հասել։ Ուզում էի իմանալ՝ դո՞ւ ինչպես տեղ հասար։

Շատ արագ խոսեց, ցրված տոնով։ Մի րոպեի չափ խոր լռություն տիրեց, հետո Նաթալիի հուզված ու մի փոքր խզված ձայնը.

— Երևի սխալվել եք,-ասաց նա և անմիջապես քնքշորեն ավելացրեց,- բայց ամենևին չանհանգստացրիք ինձ, պարոն։ -Եվ խոսափողը դրեց տեղը։

Ժիլը մի պահ անշարժացավ, հետո՝ «Երկուսիդ էլ համբուրում եմ»,-ասաց նա լուռ ու համր հեռախոսափողի մեջ, ի ցույց Էլոիզի, և դրեց տեղը։ Քրտինքը ծորում էր ճակատից։

Ուրեմն ամուսինն այնտեղ էր, նրա մոտ։ Եվ նա ոչինչ չէր կարող ասել իրեն։ Բայց ինչ խորամանկն էր… և այդ «պարոն, ամենևին չանհանգստացրիք ինձ» նախադասությունը որքան արտասովոր ու հուզիչ էր… Իսկ ինքը ողջ էր իհարկե։ Եվ սիրում էր իրեն։ Տարօրինակ է, որ երբեմն ջղերը թունդ են ելնում…

Նա գործունյա մարդու նման մտավ հյուրասրահ. թեթևացած, ազատ քայլերով, այլևս չէր անհանգստանում Նաթալիի համար, այնպես, ինչպես չէր անհանգստանում Էլոիզի համար, նրա հետ կապված բոլոր հարցերը պարզ էին։ Եվ ոչ մի րոպե չմտածեց, որ եթե ինքը հանգստացել էր, ուրեմն կարիք էր զգում, որ իրեն հանգստացնեին։

— Ահա, ամեն ինչ առաջվա տեսքն ընդունեց,- մթան մեջ լսվեց Էլոիզի ձայնը,- ես շատ լավ գիտեի, որ մեր հարաբերությունը երկար է տևելու, շատ երկար։

Ժիլը չպատասխանեց, անկողնու մեջ շրջվեց կողքի, ինքն իր դեմ զայրացած։ Իրիկունը Ժանի հետ շատ էին խմել. խմել էին երեքով և վերադարձի, և իր նոր հաջողությունների համար։ Առավոտվա մոտ ժամը երեքին Ժանը մեկնել էր, Ժիլը քնելու ցանկություն չուներ, ուրախ, հաղթանակած, ինքնավստահ էր զգում իրեն։ Այսպես ասած, մի քիչ հարբել էր և Էլոիզի հետ պառկել էր համարյա անգիտակցաբար, կարծես վերջին անգամ ուժն ու կարողությունը ապացուցելու համար, ինչպես կպառկեր պատահական որևէ կնոջ հետ, ով էլ լիներ իր անկողնում։

Մի խոսքով, դավաճանել էր Նաթալիին, բայց դա այնքան էլ կարևոր չէր, նա կարող էր ամենևին չիմանալ այդ մասին, դավաճանել էր ինքն իրեն, քանի որ, նույնիսկ հարբած վիճակում, նա միայն մի տեսակ ջղային ու լարված հաճույք էր ստացել և ի վերջո դավաճանել էր Էլոիզին, քանի որ այդ ապացույցը նա վերագրել էր սիրո։ Հարկավոր էր բացատրել նրան,  խոսել Նաթալիի մասին հատկապես հիմա, երբ իր իսկ մեղքով նա սկսել էր հավատալ, որ ինքը պատկանում է Էլոիզին։

Ժիլը միանգամից վառեց լույսը, ծխախոտ փնտրեց, առանց որևէ հետաքրքրություն ցուցաբերելու նկատեց, որ Էլոիզը սքանչելի է այդ դիրքով՝ մազերը բարձին փռած, և սկսեց առիթ որսալ խոսակցություն բացելու համար։ Գլուխը ցավում էր, հոգնած ու ծարավ էր։