ԳլխավորՄարս VS Վեներա

Դու աշխարհի ամենաանուշադիր տղան ես

Ձյուն է գալիս։ Երևի հասցրել ես նկատել այնքանով, ինչքանով ոտքերդ են ցեխոտվել։ «Մուննաթ» ես եկել վարորդի վրա ու հորդորել ավելի ճկուն վարել, չէ՞ որ հիմա աշխատանքիդ տեղում պիտի լինեիր։

Ախ, այս ձյունը… Միայն գլխացավանք է ստեղծում քեզ համար։ Դեմքիդ զզվանք արտահայտող կերպով, ձեռքերդ սև վերարկուի գրպանում՝ մտել ես օֆիս, քթի տակ բարևել ես տիկին Ռոզային, ով չգիտես ինչի՝ շատ ուրախ է։ Երևի էլի թոռնիկ է ունեցել կամ ռուսաստաններից տղան խոստացել է շուտով գալ։ Դու առհասարակ չես հասկանում, թե այդ տարիքում ինչու են մարդիկ ուրախանում։

Դու քո երեսունում արդեն չունես ուրախություններ։ Մորդ պատրաստած առավոտյան սուրճին ու կողքին դրված շոկոլադին ի պատասխան ուսերդ ես թոթվում. «Դե մի տեղ դիր էլի, մամ»։ Կարծես հավերժ քեզ համար սուրճ է եփելու, դու էլ հաջորդ օրը շնորհակալություն կհայտնես կամ կհամբուրես։ Չէ։ Ավելին՝ սուրճ պատրաստող գուցե չունենաս։ Գուցե պատրաստեն ու երկտող թողնեն հետը, որ «քարտդ թեթև սրբել են», կողքն էլ՝ շրթներկի հետք՝ իբր համբուրում են։ Այս շահով շաղկապված աշխարհում միայն մայրդ քեզնից բան չուզեց։ Դու էլի նույն դմբոն ես մնացել։

Թվերն աճում են տարեցտարի, բայց քեզ մոտ զրո է։ Կյանքից բան չես հասկանում։ Նկատե՞լ ես, որ վերջին ժամանակների քո ուրախություններն ալկոհոլով են պայմանավորված ու քեզ նման անհաջողակ ընկերներիդ ընկերակցությամբ։ Որից հետո գլուխդ պայթում է։ Գործից էլ ես ուշանում։ Հայհոյում ես քաղաքային տրանսպորտի պատասխանատուներին, որովհետև շատ քիչ քանակի ավտոբուսներ են հասնում ձեր կանգառ, իսկ վարորդներն էլ չափազանց դանդաղ են քշում։ Մեքենա գնելու ժամանակն է, բայց վարկ էլ չեն տալիս։

Անցած տարի հանկարծակի գործից վռնդեցին, ու չկարողացար վարկերդ փակել, ընկար «սև ցուցակ»։

Առհասարակ գունավոր օրեր չէին։ Շատ բան փոխվեց էս արանքում։ Ես մի քիչ պակաս լացկան դարձա քեզնից հետո, մի քիչ ավելի հավաքված։ Քեզ տեսա դրսում՝ խնամված մորուքով, կարծեցի կարգուկանոն ես մտցրել կյանքումդ։ Փորձեցի էլի հորինել կերպարդ, բայց կարողացա ժամանակին «ստոպ» անել։

…Դու էլի չես նկատում ձյունը, մենակ ցեխից ես դժգոհում։ Նայում ես շուրջդ անջատված, հետաքրքրված հայացքով, բայց դե գիտեմ, սուտ է, ոչինչ էլ չես տեսնում։

Դու աշխարհի ամենաանուշադիր տղան ես։

Մարտինա

Comment here