Աշունը ձորն է մտնում
Ձորերի ﬕջով:
Մաշված, քաշված ﬕ աշուն,
Վիթխարի ﬕ ձոր…
Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը ﬕ թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:
Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր…
Համո Սահյան
***
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Համո Սահյան
***
Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին —
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…
Եղիշե Չարենց
Աշնան
Նորից անձրե՛ւ, մշո՛ւշ, ա՛մպ,
Թախի՛ծ անհուն, տխրա՛նք հեզ,
Աշո՜ւն, քեզ ի՞նչ քնքշությամբ
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերեւները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ
Եւ թփերը դողդոջուն
Եւ խոտերը գետնահար…
Եւ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշո՜ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Վահան Տերյան
Կ’անձրեւե, տղաս
Կ’անձրեւե, տղա՜ս… Աշունը թաց է,
Թա՜ց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եւ դեմըս եկո՜ւր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ… Կ’անձրեւե, տղա՜ս…
Կ’անձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կը մսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս՝
Խորհելով պայծառ արեւին անցյալ,
Դռան մը ներքեւ գո՛ց ճակատագրին…
Բայց կուլաս, տըղա՜ս… Մութին մեջ հանկարծ
Ծանըր արցունքներ աչքեդ կը գլորին…
Լա՜ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՜ց չգիտնալով, խեղճ, անգետ տղա՜ս,
Խե՛ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՜ց, որ մեծնաս…
Վահան Թեքեյան
Աշնանային վալս
Մի մոռացկոտ անձրեւ
Ու մի երկչոտ քամի
Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝
Բնա՜վ չհարցնելով կամքն աշխարհի,
Ու գործի են անցել.
Շաղ են տալիս… տաղտուկ:
Տերեւները կրկին գործադուլ են անում,
Եւ ծառերի կանաչ գործարաններն արդեն
Էլ չեն արտադրում ո՜չ թթվածին,
Ո՜չ էլ դեղին շրշյուն,-
Հե՛րն անիծած:
Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ
Երազում է հիմա հնավաճառ միայն:
Ա՛խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ
Խուժեր սենյակ.
«Ձանձրո՛ւյթ, հին-մին ձանձրո՛ւյթ կառնեմ»…
Եւ ամենքըս ենք հիմա կիսով մենակ,
Եւ ամենքըս ենք հիմա կիսով տխուր՝
Հոգնած մե՜ր իսկ բոլոր շարժումներից,
Եւ ձեւերի՜ց ամեն
Եւ մտքերի՜ց բոլոր…
Օդը հաստանում է մառախուղով,
Ու մշուշով երկինքն է ցածրանում.
Որ բարակի թելը համբերության
Ու վեր բարձրանալիս ճիչ ճնգոցով հատվի:
Եւ ամենքըս հիմա վատ բաներ ենք հիշում.
Եւ ամենքըս հիմա հոռետես ենք դարձել,
Ամե՛ն ինչից զզված,
Զզված նաեւ մեզնի՜ց:
Եւ մեր քիթ ու մռթից քմծիծաղ է կաթում,
Ինչպես ամեն ծառից՝ կենտ-կենտ տերեւ,
Ինչպես ջրհորդանից՝ անձրեւաջուր կեղտոտ,
Քիվից՝ պղտոր կաթիլ,
Տտիպ տաղտուկ՝ հոգուց…
Կաթո՛ւկ-կաթո՛ւկ-կաթո՛ւկ,-
Հե՜րն անիծած…
Այս մոռացկոտ անձրեւն ու այս երկչոտ քամին,
Տխրությունն այս բարակ եւ տաղտուկն այս պարարտ,
Նաեւ վատն ու հոռին
Պարազույգ են կազմել
Ու պարում են-պարո՛ւմ-պարո՛ւմ հիմա
Մեր փողոցո՜ւմ,
Տա՜նը,
Մեր սենյակո՜ւմ նեղլիկ:
Երկրագունդն է պարում նույն վալսը հին ու նոր,
Տարվա եղանակներն անվերջ նույնն են պարում,
Նույնն է պարում կյա՜նքը,
Նույնն է պարում մի՜տքը:
Այս ի՛նչ խենթություն է,-
Հե՜րն անիծած…
Եվ ինչ է դեռ մնում, որ ի՛նչ անենք
(Ձանձրույթ առնող չկա.
Մենք ամենքս ենք ծախող):
Ձանձրույթի հետ կազմենք լավ պարազույգ
Ու պտըտվենք մե՜նք էլ,
Մե՜նք էլ պարենք
Խենթացնող այս վալսը՝ խենթի նման,
Պարենք մեր անձկացած ու նեղացած հոգո՜ւմ,-
Ի՛նչ ուզում է լինի.
Հե՜րն անիծած…
Պարույր Սեւակ
Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…
Ավետիք Իսահակյան