ԳլխավորՄի կտոր գիրք

«Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը». Զորայր Խալափյան

Այսօր արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի (1933-2008) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը» վեպից։

***

…Այսինքն՝ եթե հաջողվեր՝ լավ կլիներ, Լեոյին փող էր պետք։ Գուցե ամուսնանա, գուցե հարսանիք անի։ Չնայած հաստատ չգիտեր՝ ցանկանո՞ւմ է Սիրանի հետ ամուսնանալ, թե՞ ոչ։

– Ինձանից կնիկ դուրս չի գա,- ասում էր Սիրանը։ -Մի թաշկինակ անգամ լվալ չգիտեմ։
– Ես կլվամ,- կատակով ասում էր Լեոն։
– Իսկ ամոթ չի լինի՞։
«Այ գրողը տանի քեզ, հավատաց, որ կարող է ես լվացք անեմ»։

Սիրանն ասում էր.
– Ճաշ եփել չգիտեմ։
– Խոհարարական գիրք կառնենք,- ասում էր Լեոն,- միասին կեփենք։ Կամ ես կնկա գործ կանեմ, դու տղամարդու։
– Ո՞նց թե՝ տղամարդու… Ի՞նչ ես ծիծաղում։

«Մինչեւ չասես կատակ եմ անում, կատակը չի հասկանա։ Հասկանա էլ՝ չի ծիծաղի»։

Չնչին առիթներով վիճում էին, կռվում, օրերով չէին հանդիպում։ Բայց Լեոն զգում էր, որ չարիքների փոքրագույնը դարձյալ հանդիպելն է, գոնե կլինի մեկը, որի հետ կինո կգնա։

***

Կիրակի օրը սովորականի նման Լեոն դուրս եկավ տնից, մի ժամ շրջեց փողոցներում, հանդիպեց ամենօրյա անծանոթներին, որոնք, թվում էր, ծիծաղում են իր մենության, անճարակության վրա։ Ինքն իրենից հոգնած, ձանձրացած վերադառնում էր տուն, պիտի բացեր դուռը, ներս մտներ։ Պատկերացրեց՝ չհավաքված անկողին, չլվացված ափսեներ, չավլած հատակ, մեխերից կախկխված շորեր… Այնքա~ն էր այդ զզվեցրել նրան։ Ապա մենությունը, այդ ամենով շրջապատված, լռության մեջ անհանգիստ մենությունը։

Բավակա’ն է։ Նա այլեւս անկարող է այսպես շարունակել, անտանելի է։ Թո’ղ ինչ ուզում է լինի…

Նա ետ դարձավ դռան մոտից, եւ Սիրանենց տան ճանապարհին, տրոլեյբուսի մեջ մտածում էր. «Գիտեմ՝ կյանքս տխուր պիտի լինի դրա հետ, գիտեմ՝ գեղեցիկ չէ, խելք չունի, ես ավելի լավին եմ արժանի։ Բայց մինչեւ ե՞րբ սպասեմ, ինչո՞ւ չեմ հանդիպում, ո՞րն է իմ մեղքը։ Որտե՞ղ է նա։ Գուցե չկա՞…»։ Չէր սիրում, չէր իմանում ո’ւր է գնում, ինչո’ւ է գնում։

Կես ժամ նստել էր նրանց տանը, հարցերը չէր լսում, կենտրոնացած մտածում էր։

– Այո, ուզում եմ ամուսնանալ…
Սիրանի մայրը սկսեց…
– Նշանդրեք, երաժշտություն…
– Երաժշտություն չի լինի,- ասաց Լեոն։
– Գոնե հարսանիքի նման մի բան…
– Հիմա թո՞ւյլ եք տալիս՝ ձեռքից բռնեմ՝ տանեմ։ Հենց հիմա։

Լեոն ոտքի ելավ, բռնեց Սիրանի ձեռքը, կանգնեց։

Սիրանի քույրերը թախծոտ բթությամբ նրան էին նայում։ Ոչ ոք չէր խոսում, չէր ժպտում։ Լուռ նայում էին։ Ու հանկարծ անսպասելի բան կատարվեց. Լեոն քաշեց Սիրանի ձեռքը, սա հնազանդ գնաց նրա ետեւից։ Դուրս եկան։ Թիկունքից ոչ մի ձայն չլսվեց։ Բոլորը մի տեսակ քարացել էին։

***

Լեոն ասել էր՝ երաժշտություն չի լինելու։ Բայց եղավ։ Երբ աշնանային մառախլապատ այդ օրը, սենյակի դուռը կողպելուց հետո, սկսեց հանել հարսնացուի ամենօրյա զգեստը, երբ վերջին շորն ընկավ հատակին, եւ Լեոն բռնելով նրա արմունկը տարավ դեպի անկողին՝ բակից հարմոնի ձայն լսեց։ Հարեւանի յոթ տարեկան երեխան էր նվագել սովորում։ Մինչեւ կյանքի վերջ անջնջելի մնաց առաջին կնոջ մարմնի հպումը եւ նվագել սովորող 7 տարեկան երեխայի հարմոնի անվարժ նվագը…

Միայն հետո, շատ տարիներ հետո նա հասկացավ նաեւ, որ այդ օրը ինքն էլ այն տղայի նման անփորձ էր նվագում…

 

Comment here