ԳլխավորՄի կտոր գիրք

Մի կտոր Շիրազ

Հովհաննես Շիրազի (27.04.1914-14.03.1984) ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի աղջիկները

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա’խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, —
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, —
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, —
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, —
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, —
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, —
Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա’վ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

Հրաշք

Երազիս մեջ դուռը զարկին
— Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառավ մի կին
Ասաց. «Մատաղ լինեմ քեզ…

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր»,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք… մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց. «Ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՞ղն է խիղճդ, խիղճդ, որդիս,
Թե՞ մեռել է ինձ հետ նա…»

Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնվեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ՝ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
— Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թե կուզես
Հողը թեթև լինի վրաս,
Տունս կիսատ չթողնես…»։

Կտակ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, —
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

***

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

***

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, —
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում…

Comment here